Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկայում իրո՞ք կա Նիկոլ Փաշինյանի նշած «աննախադեպ աշխուժությունը»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անշարժ գույքի շուկայում «աննախադեպ աշխուժություն է»։

Սակայն պաշտոնական վիճակագրությունն այդ աշխուժությունը դեռ չի արձանագրել: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում հրապարակված է շուկայի սեպտեմբեր ամսվա վերլուծությունը, ըստ որի՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, փոփոխությունը բացասական ուղղությամբ է՝ 0.8% անկում կա։

«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում իրենք ևս արձանագրել են ակտիվություն՝ տարեկան միջինում գործարքների առումով՝ 25-30%, գնային առումով՝ 10%։

«Աշխուժություն կա, բայց մենք հիմա տնտեսական ոլորտում անցումային փուլի մեջ ենք, և տնտեսական ոլորտն ամբողջովին վերանայման կարիք ունի։ Թեև ոչ լիարժեք, բայց շատ արատներ, իհարկե, մաքրվել են, օրինակ՝ կոռուպցիոն բնույթի, ազատ մրցակցության և այլ բազմաթիվ խնդիրներ կարգավորված են։ Բացի դա, անհրաժեշտ է՝ խելամիտ շահութաբերության աստիճան ունենա բիզնեսը, որովհետև ներդրողների համար դա գլխավոր հետաքրքրություններից մեկն է»,- ասաց Հ.Բաղդասարյանը՝ նկատելով, որ Իրաքում ու Աֆղանստանում էլ են մարդիկ բիզնես անում, բայց, երբ շահութաբերությունն ավելի բարձր է ռիսկերից։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այդ աշխուժությունը, հնարավո՞ր է՝ սեզոնային բնույթ է կրում, թե՞ իշխանափոխության արդյունք է, Հ.Բաղդասարյանը պատասխանեց.

«Սեզոնային չի կարող լինել, դա քաղաքական իրավիճակի փոփոխությունն է, և դաշտում նոր մուտքերի, նոր խաղացողների, դրական ակնկալիքների արդյունքն է հիմնականում։ Նաև տնտեսական որոշ գործոների ազդեցություն կա նախորդ տարիներից եկած, օրինակ՝ բանկերում կապիտալի 5 անգամ ավելացումը, որի արդյունքում վարկային տոկոսադրույքների նվազեցում եղավ, նաև Իրանի դրամի արժեզրկումը, որի դիվերսիֆիկացիոն ազդեցությունը որոշ չափով երևաց նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտում, մասնավորապես՝ կառուցապատման ոլորտում իրանցիները փոքր ներդրումային ծրագրեր են անում»։

Հ. Բաղդասարյանի կարծիքով՝ այս աշխուժության պահպանումը կախված է կառավարության հետագա քայլերից.

«Շարունակական խելամիտ քայլերն այս ակտիվությունը կբազմապատկեն, իսկ անխոհեմ քայլերը, հակառակը՝ մի 6 ամսում կարող են փակուղի տանել և խորը դեպրեսիոն շրջան առաջացնել։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է տնտեսության մեջ գրագետ և պրոֆեսիոնալ քաղաքականությունից, որովհետև սա երկար տարիներ սպասված է եղել, որպեսզի տնտեսությունում, բացի հավասար խաղի կանոններից, նաև խելամիտ քաղաքականություն վարվի։ Որովհետև, եթե որդեգրվում է, որ ամբողջ Հայաստանում պետք է սպիտակ բիզնես լինի, դրա առաջին նախապայմանը խելամիտ դրույքաչափերի կիրառումն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս