«Որոշակի ապրանքների ակցիզային հարկի բարձրացումը հասարակության համար կյանքի թանկացման չի բերի»
Հարցազրույց ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ
– Հարկային նոր օրենսգրքի (ՀՕ) նախագիծը E-draft հարթակում առավելապես բացասական գնահատական է ստացել: Տեսակետ կա, որ ճիշտ կլիներ այժմ կարճաժամկետ փոփոխությունները անել, իսկ 2019թ. ընթացքում մշակել նոր օրենսգիրք, քանի որ ներկայիս օրենսգիրքն արդեն բավականին կարկատաններ ունի: Դուք ինչպե՞ս կբնորոշեք ՀՕ նոր նախագիծը, արդյոք այն լուծո՞ւմ է առկա խնդիրները:
– Հարկային օրենսգրքի ներկայացված նախագիծն իր մեջ չի պարունակում այն խնդիրների ամբողջական լուծումը, որ առկա է գործող համակարգում, հետևաբար՝ այն դրական սպասումները, որոնք կան հասարակության և տնտեսվարողների մոտ, և դրանցից բխող որոշակի բացասական կարծիքը սպասելի է, քանի որ ի սկզբանե ներկայացվել է, որ, այո, մինչև տարեվերջ կառավարությունը կներկայացնի ՀՕ փոփոխությունների մի հատված, որում կլինեն հրատապ խնդիրները, իսկ հաջորդ տարվա ընթացքում ամբողջովին կսկսվեն Հարկային օրենսգրքի ավելի մեծ բարեփոխումների աշխատանքները, նույնիսկ ՀՕ նոր օրենսգրքի ընդունումը, քանի որ կառավարությունը նույնպես շահագրգիռ է դրանում։
– Նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թ. հուլիսի 1-ից՝ սահմանելով 23 %, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %: Եկամտահարկի համահարթեցումը չի՞ բերի սոցիալական բևեռացման է՛լ ավելի մեծացման, քանի որ համահարթեցումից ոչինչ չի շահելու ցածր եկամուտ ունեցող խավը, իսկ բարձր եկամուտ ունեցողներն է՛լ ավելի բարձր եկամուտ են ունենալու։ Արդյոք սա վտանգավոր չի՞, ու ստվերի դեմն առնելու և ներդրողների թիվը մեծացնելու փոխարեն՝ չի՞ մեծացնի հարուստների ու աղքատների միջև գտնվող անդունդը։
– Եկամտային հարկի համահարթ թե պրոգրեսիվ լինելու շուրջ կան բազմաթիվ կարծիքներ, կողմ և դեմ տեսակետներ։ Միջազգային փորձն ուսումնասիրել ենք, որոշ երկրներում, այո, կա պրոգրեսիվ հարկման հանգամանք, մի շարք երկրներում ներդրված է համահարթ համակարգը։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ մենք եկամտային հարկի համակարգում այս պահին դեռևս ունենք միայն աշխատավարձի հարկը, այսինքն՝ մենք վճարում ենք միայն աշխատավարձի հարկ։
Մտավախությունը, որ սա կարող է հանդիսանալ հարուստների և աղքատների միջև բևեռացման խորացման պատճառ, արդարացված չէ, քանի որ բազմաթիվ երկրներում, որտեղ ներդրված է պրոգրեսիվ հարկման համակարգը, այնտեղ հարկվում են քաղաքացիների կողմից ստացված այլ եկամուտները նույնպես, ոչ միայն աշխատավարձը։ Այս պահին Հայաստանում գործող աշխատավարձերի բևեռացումը հիմք չէ, որպեսզի մենք ունենանք այսպիսի մեծ պրոգրեսիվ հարկման համակարգ, քանի որ կառավարությունը միտված չէ ֆիքսել այսօրվա եկամուտների համակարգը, այսինքն՝ կան մարդիկ, որոնք ստանում են 100 հազար դրամ աշխատավարձ, և կան մարդիկ, որոնք ստանում են տասնապատիկ ավելի։
Կառավարության նպատակը ոչ թե եկամուտների առկա բևեռացումը ֆիքսելն է և պրոգրեսիվ հարկով արդարության սահմանումը, այլ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այս պահին ցածր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր աշխատավարձ ստանան, և ձևավորվի իրապես միջին խավ, հետևաբար՝ այդ պարագայում համահարթ հարկային համակարգը կլինի լիովին արդար։
– Հակափաստարկ է բերվում, որ մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեցողների վիճակն ավելի է վատանալու, քանի որ նրանք նորից սկսելու են 5% սոցվճար մուծել՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:
– Երբ կառավարությունը նախաձեռնել էր կուտակային վճարների փոփոխությունը, նաև օրենքում էր նշված, որ 2.5% բարձրացումը կլինի այն դեպքում, երբ տեղի կունենա եկամտային հարկի համարժեք նվազեցում։ Ինչպես ներկայացված է ՀՕ փոփոխություններում, 23% եկամտային հարկը 5 տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է 20%։ Եվ դրան զուգահեռ՝ կուտակային վճարների բարձրացումը որևիցե հավելյալ բեռ չի առաջացնի նաև մինչև 150 հազար դրամ վճարող քաղաքացիների համար։ Այսինքն՝ երբ կուտակայինի վճարը կբարձրանա, այդ պահին արդեն քաղաքացիների կողմից վճարվող եկամտային հարկը կլինի ավելի ցածր։
– Ի՞նչ նպատակ ունի փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը, ինչպե՞ս է որոշվել՝ ովքեր են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, ծուղակներ չե՞ք տեսնում, օրինակ՝ հաշվապահական դասընթացը երգեցողությամբ վարելն այն կազատի՞ հարկումից:
– Միկրոձեռնարկատիրական համակարգում բավականին կարևոր և հեղափոխական փոփոխություններ են նախատեսվել, մասնավորապես՝ մինչև 20 մլն շրջանառություն ունեցող ընկերություններն ամբողջովին ազատվում են հարկերից, այդ թվում՝ փոքր բիզնեսի կարևորագույն ոլորտ հանդիսացող առևտրի ոլորտի մի մասն է ներառվում, որոնք իրենց գործունեությունը ծավալում են մարզերում։
Եվ, կարծում ենք, որ այս փոփոխության արդյունքում, նաև ուսումնասիրությունների, հաշվի առնելով, թե որտեղ է կենտրոնացած փոքր բիզնեսը, ինչ շրջանառություն ունի, այս շեմից ներքև հարկերի ազատումը փոքր բիզնեսով զբաղվող կազմակերպությունների զգալի հատվածի համար ունենալու է լուրջ ազդեցություն։ Իսկ այն մտավախությունները, որ կարող են խնդիրներ կամ որոշակի չարաշահումներ լինել, ցանկացած համակարգում կան, և կառավարությունը փորձում է ոչ թե անբարեխիղճ տնտեսվարողների համար ՀՕ-ում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կարող են բացասական ազդել նաև ավելի մեծ թվով բարեխիղճ տնտեսվարողների վրա, այլ օրենքի վերհսկողությունը թողնում է վարչարարությանը, ոչ թե հարկային քաղաքականությանը։
– 2020 թ.-ից շահութահարկը 2 %-ով նվազեցնելը (սահմանվում է 18%), ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները՝ 10 %-ի փոխարեն 5 % սահմանելն ի՞նչ արդյունավետություն կունենա:
– Շահութահարկի նվազեցումը համարում եմ բավականին կարևոր նախաձեռնություն, քանի որ, մասնավորապես, շահութահարկի դրույքն այն դրույթն է, որը միջազգային օտարերկրյա ներդրողները երբեմն նաև համեմատության մեջ են ուսումնասիրում և որոշում կայացնում։ Հետևաբար՝ 20% դրույքաչափը կառավարությունը համարում է բարձր, միևնույն ժամանակ բարձր է նաև ոչ ռեզիդենտների կողմից վճարվող շահաբաժինը, և կարծում ենք, որ այս փոփոխությունը որոշակի դրական ազդակ կլինի ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողների համար։
– Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով առավել առաջանցիկ տեմպերով բարձրացվելու են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, նաև եռապատկել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկը, ինչը տնտեսվարողներն անընդունելի են համարում: Ձեր կարծիքով՝ սա կտրուկ գնաճ չի՞ առաջացնի:
– Ակցիզային հարկի փոփոխությունները, որոնք առաջարկվում են ՀՕ-ով, վերաբերում են այն ապրանքներին, որոնք առօրյա սպառման, մասնավորապես՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների թվում չեն և, հետևաբար, այդ ապրանքների ակցիզային հարկի որոշակի բարձրացումը չի կարելի համարել, որ հասարակության համար կյանքի թանկացման կբերի։ Միևնույն ժամանակ՝ մինչ այդ էլ արդեն ՀՕ-ով, մասնավորապես՝ ծախոտի և ալկոհոլի մասով, յուրաքանչյուր տարի որոշակի բարձրացում էր նախատեսվում, հետևաբար՝ այս առաջարկներն այդ փոփոխությունների մի փոքր արագացումն է միայն։