Հարցումների մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից

«GALLUP International association»-ի իրականացրած հարցման 1111 մասնակիցների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե տեղյա՞կ են արդյոք, որ այս տարի ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 97.1%-ը նշել է` այո, իսկ 2.9%-ը` ոչ: Նրանց, ովքեր ասել են «այո», խնդրել ենք նշել նաև ընտրությունների անցկացման ամսաթիվը: 71.4%-ը նշել է ճիշտ ամսաթիվը, 28.6%-ը դժվարացել կամ սխալ է պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Մեկ այլ հարցման պատասխանները ցույց են տվել, որ քաղաքականությամբ հետաքրքրվածների մեծ տոկոս կա:

«19.9%-ը նշել է, որ շատ է հետաքրքրված քաղաքականությամբ, 42.6%-ը` ավելի շուտ հետաքրքրված է, 19.5%-ը` ավելի շուտ հետաքրքրված չէ, իսկ 17.6%-ը` ընդհանրապես հետաքրքրված չէ»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Կարդացեք նաև

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս