Բաժիններ՝

Կոսովոյի վարչապետը հրաժարվեց ԵՄ-ի պահանջով իջեցնել հարյուրտոկոսանոց մաքսատուրքերը

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը, չնայած Բրյուսելի պահանջին, հրաժարվել է իջեցնել 100 տոկոսի չափով սերբական ու բոսնիական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը: Ինչպես նոյեմբերի 22-ին հայտնել է Gazeta Express կոսովյան թերթը, նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց մաքսատուրքերը կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ Սերբիան կճանաչի Կոսովոյի անկախությունը:

«Ես կարծում եմ, որ այնքան ժամանակ, քանի դեռ Սերբիան չի ճանաչել Կոսովոն, հարկերը չպետք Է չեղարկվեն»,- Խարադինայի խոսքը մեջբերել է հրատարակությունը: Վարչապետի խոսքով՝ միայն նման մեթոդներով է հնարավոր ճանաչման հասնել Սերբիայի կողմից: «Առանց նման մոտեցման անկարելի է հասնել փոխադարձ ճանաչման, միայն այդ կերպ կարող է փոխընդունելի համաձայնություն ձեռք բերել»,- ասել է Խարադինայը:

Կոսովոն նոյեմբերի 21-ին 100 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանել Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների համար: Ի պատասխան Վուչիչն արտակարգ հանդիպումներ է նշանակել Ռուսաստանի, Չինաստանի եւ արեւմտյան երկրների դեսպանների հետ, ինչպես նաեւ հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Կոսովոյի եւ Մետոքիայի Սերբական Ինքնավար Երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսը մատակարարվում է Սերբիայում արտադրված ապրանքներով: Ավելի վաղ սերբական արտադրանքը մատակարարվում էր նաեւ ալբանացիներով բնակեցված շրջաններին, սակայն վերջին ժամանակներս Պրիշտինայի իշխանությունները փորձում են այն փոխարինել այլ երկրների ապրանքներով:

Այդ միջոցառումները լուրջ հարված են հասցնում կոսովցիների գրպաններին, իսկ 100-տոկոսանոց նոր մաքսերը չափազանց ծանր վիճակում են դնում սերբ բնակչությանը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը:

«Այդ արարքի հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ ամեն պահի կարող են տարածաշրջանը բերել լիակատար աղետի, եթե չչեղարկվեն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կոսովցիների գործողություններում «ոչ մի տնտեսական իմաստ չկա»:

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Կոսովոյի կառավարությունը պետք է անհապաղ չեղյալ հայտարարի նոր մաքսատուրքերի սահմանման որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս