«Դու էիր պակաս» կատակերգությունը կհամալրի երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը
Ժամանակակից գրող Արշակ Սեմիրջյանի «Դու էիր պակաս» պիեսը պատմում է մարդկանց մասին, որոնց կյանքն ասես կրկեսի է նմանվել: Վերոնշյալ գործի հիման վրա արված համանուն բեմադրության առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 24-25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ներկայացման վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է բեմադրիչ, դերասան Արմեն Մարգարյանի հետ:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց այդ գործը բարձրացնել Պարոնյան թատրոնի բեմ:
-Մեր թատրոնում հաճախ են բեմադրվում ժամանակակից դրամատուրգների պիեսներ: Դա գալիս է մեր ղեկավարից: Երվանդ Ղազանչյանը դասական գործերին հավասար նոր գրականությանն է տեղ տալիս: Չէ՞ որ այսօրվա դասականները նախկինում ժամանակակից են եղել, և որտե՞ղ նրանք պետք է կայանային, դառնային իրական մասնագետներ, եթե ոչ թատրոնում: Ուստի որոշվեց բեմադրել «Դու էիր պակաս» գործը, և դա անելու պատասխանատվությունը դրվեց իմ ուսերին:
-Որտե՞ղ են տեղի ունենում պիեսի գործողությունները:
-Իրադարձությունները զարգանում են մի բնակարանում, բայց դա չակերտավոր բնակարան է, որն ասես վերածվել է կրկեսի: Պատճառը գործող կերպարների փոխհարաբերություններն են: Այդ իրավիճակը նրանցից մեկին դուր է գալիս, մյուսի համար ամեն բան միևնույն է, մեկի համար դա հրաշալի է: Կարծում եմ, բարի ներկայացում է բոլորիս մասին: Վստահ եմ, որ, նայելով ներկայացումը, յուրաքանչյուր հանդիսատես կարող է այնտեղ տեսնել իրեն, իր հարևանին, բարեկամին, ընկերոջը:
– Ի՞նչ հետաքրքիր բեմական լուծումներ եք գտել բեմադրությունն ավելի գրավիչ դարձնելու համար:
-Ըստ իս` բոլոր լուծումները, որոնք տեսնում ենք բեմերում և նորարարություն ենք անվանում, վաղուց են արվել: Մեր դարում բավականին բարդ է թատրոնում պահել առեղծվածը, բայց, դրանով հանդերձ, հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն գնալով ավելանում է: Ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ առեղծվածը միշտ գրավում է մարդկանց, և այն դեռ կա: Եթե վերադառնանք նորարարությանը, պետք է նշեմ, որ գուցե շատերի համար այս ներկայացումն այդպիսին լինի, հետաքրքիր: Աշխատել ենք քրտնաջան, համախմբված: Ինձ համար գերխնդիր էր այն, որ, երբ արվեստասերը գա այս ներկայացմանը, իրեն տեսնի բեմում, տեսնի կենդանի մարդկային փոխհարաբերություններ, որոնք թատերականացված են: Կսպասենք նրանց գնահատականին:
-Ովքե՞ր են ընդգրկվել ներկայացման մեջ:
– Բեմադրության մեջ զբաղված են թատրոնի ինչպես հասուն, այնպես էլ երիտասարդ դերասանները: Խաղում են Կարինե Բուռնազյանը, Անի Քոչարյանը, Ժասմեն Ասրյանը, Վանիկ Մկրտչյանը, Հասմիկ Վերդյանը, Հարություն Մելիքբեկյանը: Խաղում եմ նաև ես: Հրավիրյալ դերասաններ են Սիփան Զադոյանը, Վարդան Գևորգյանը, Արամ Մխիթարյանը և Հայկ Խանամիրյանը:
Ես շատ շնորհակալ եմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին, որ վստահեց ինձ և հնարավորություն ընձեռեց Պարոնյան թատրոնում բեմադրություն անել: Դա գրավիչ, լուրջ աշխատանք է: Մենք այս ներկայացման հետ կապված բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել: Օրեր են մնացել առաջնախաղին, և շարունակում ենք աշխատել, ստեղծագործել մեր հանդիսատեսին գոհացնելու համար:
Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը