«Շատերը երեխաներին մանկապարտեզներից հանել են՝ մտածելով, որ այլևս չեն կարողանա վճարել, իսկ խանութները դադարել են պարտքով մթերք տալ՝ կարծելով, որ չենք վճարի». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից
Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 630 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել:
168.am-ի հետ զրույցում նրանք հերքեցին այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ նույնիսկ հոկտեմբեր ամսվա աշխատավարձը ստացել են հենց նույն ամսին:
«Կառավարության, տնօրինության ու բանկի միջև բանակցությունները շարունակվում են: Հնարավոր է՝ նոյեմբերի 23-ին իմանանք բանակցությունների արդյունքի մասին: Հուսանք, որ սա կլինի վերջին օրը, ու հարցը չի ձգձգվի: Գոնե ասեն՝ ժողովուրդ, վե՛րջ, չի աշխատելու, գնացեք մի բան մտածեք, որ ձմեռվա բքին չկոտորվեք: Այս պահին դա էլ է մեզ համար պատասխան, ոչ թե այսօր, վաղը, ու այդպես շարունակ… Մարդկանց մոտ կամաց-կամաց հուսահատություն է սկսվում:
Չգիտենք էլ՝ բացասական պատասխանի դեպքում ի՞նչ ենք անելու. Ռուսաստան այս ամիսներին երևի չստացվի գնալ, մնում է գանք Երևան՝ գործ գտնելու: Արդեն ոմանք երեխաներին մանկապարտեզներից հանել են՝ մտածելով, որ այլևս չեն կարողանա վճարել: Նույնիսկ խանութներն են դադարել պարտքով մթերք տալ՝ վախենալով, որ հնարավոր է՝ փող չստանանք ու չվճարենք: Իսկ այստեղ ամսվա ընթացքում գրեթե բոլորը տանն ինչ անհրաժեշտ է՝ պարտքով վերցնում և աշխատավարձը ստանալուն պես վճարում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մետալուրգիական արտադրամասի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ին աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: Նա ընդգծել է նաև, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ-Հայաստան բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ՝ կառավարության:
Անի Կարապետյան