«Ներդրումային նախանշանները հիմա էլ կան». Նիկոլ Փաշինյան
«Ներդրումային նախանշանները հիմա էլ կան, մենք տեսնում ենք բավականին ակտիվ ներդրումային շարժ: Ակնհայտ է, որ հետաքրքրությունը կա, և մեր խնդիրն է՝ դա վերածել կոնկրետ արդյունքների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ անցած ամիսներին իր պաշտոնավարման ընթացքում ամենամեծ հաջողությունը Հայաստանից մենաշնորհների վերացումն է, ինչը տարիներ շարունակ համարվել է գլխավոր խոչընդոտը:
Երկրորդ հաջողությունը, Փաշինյանի կարծիքով, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարն է, օրինակ, ըստ նրա՝ վերջին ամիսներին 37 հազար աշխատատեղ է ստեղծվել, որի մի մասը նոր է, բայց մեծ մասն ուղղակի գրանցվել են:
Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումն ու պրոբլեմը Փաշինյանը համարում է այն, որ հանքարդյունաբերության շուրջ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն այնուամենայնիվ որոշակի նեգատիվ ֆոն ստեղծում է ներդրումային միջավայրի համար: Բայց նա վստահություն հայտնեց, որ դա կվերականգնվի:
Փաշինյանը նշեց, որ մի շարք խոշոր ներդրողների հետ կապված քննություն է իրականացվում, և դա որոշակի անհանգստություն է առաջացնում, բայց ինտենսիվ աշխատում են գործընկերներին ներկայացնել շարժառիթները, որ այդ զգացողությունը չլինի. ««Ամուլսարի» հարցում մինչև գարուն կկարողանանք իսկապես փաստերի վրա հիմնված որոշում կայացնել: Միջազգային հեղինակավոր փորձագետներն ասում են, որ առնվազն այն հարցադրումները, որ մենք անում ենք, լեգիտիմ են: Նրանց եզրակացւթյունը լինելու է ուղեցույց ՀՀ կառավարության համար: Հարցը կոնկրետ է՝ վտանգ կա՞ Սևանի և Ջերմուկի ջրերի համար»:
Ն.Փաշինյանը նշեց, որ խնդիր ունեն պարզելու Հարավկովկասյան երկաթուղիների, Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված, որովհետև այդ բոլոր նախագծերում ներառված են հեղինակավոր կազմակերպություններ, որոնց կարծիքը կարևոր է ներդրումային միջավայրի համար, և իրենք պարտավոր են քայլ-քայլ գնալ առաջ:
Ն.Փաշինյանը նշեց, որ ընտրություններից հետո կառավարության կառուցվածքն է շատ փոխվելու, որովհետև կա 17 նախարար, ընտրություններից հետո այդքան չեն լինի, կլինեն շատ ավելի փոքր թվով նախարարներ: Ըստ նրա՝ եթե նախարարների թիվը 5-ով կրճատվի, դա արդեն մեծ փոփոխություն է, և ոչ թե ավտոմատ է կրճատվելու, այլ բովանդակային փոփոխություն է լինելու, նախարարների գործառույթների շրջանակն է փոխվելու:
«Կառավարությունը 100% կատարել է այն աշխատանքը, որ պետք է լուծվեր՝ երկրում քաղաքական ու տնտեսական կայունությունը հետհեղափոխական ժամանակաշրջանում»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ ինքը գոհ է նախարարների աշխատանքից, և «չի նշանակում, որ ես գոհ եմ իմ աշխատանքից»: Նա վստահեցրեց, որ իր աշխատանքից երբեք գոհ չի լինի:
Սակայն կառավարության անդամների հասցեին հնչած քննադատությունները, օրինակ՝ նախարարն ասաց՝ փետրվարի 31, ԿԳ նախարարին ֆեյքով տառասխալ են վերագրում, Արսեն Թորոոսյանի դեմ սկսված արշավը, Փաշինյանը չի ընդունում.
«Արսեն Թորոսյանի դեմ արշավի պատճառը գիտե՞ք, Արսեն Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցին, որևէ մեկը կարա՞ նման բան անի Միքայել Մինասյանի ընտանիքի դեմ, ով տիրապետում է ՀՀ ԶԼՄ ռեսուրսների ձեզ հայտնի չափաքանակին»:
Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց խոստման համաձայն՝ սեփականության ոչ մի վերաբաշխում չեն արել: Նա հարցադրում արեց, թե Թորոսյանը ո՞նց է նման բան արել, և ինքն էլ պատասխանեց. «Այ, հենց ըտենց: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այդ հիվանդանոցում: Դա խայտառակություն է, խայտառակություն»:
Նա նկատեց, թե ՀՀԿ մի կարկառուն ներկայացուցիչ ասում է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն նշանակել նախարար, երբ ոչ մի բան կյանքում չի ղեկավարել, բայց հենց ինքը երբեք ոչինչ չի ղեկավարել, ամբողջ կյանքում իրեն են ղեկավարել: Նա նշեց, որ կառավարության անդամները կոռուպցիայի փորձ չունեն, և ինքը շատ գոհ է դրա համար. «Եվ այն պաշտոնյան, որ կուզենա մեր իշխանությունից կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է, ամենախիստ, ամենադաժան պատժին կենթարկվի, որ նույնիսկ չեն արժանանա էն քյոհնա կոռուպցիոներները»: