«Եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է». Դավիթ Անանյան
«Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել էր 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Այդպիսով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ:
«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-ասել էր Անանյանը: Նա նաև ասել էր, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:
ՊԵԿ նախագահի այս բլից-հարցազրույցը թեժ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց։ Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել և իր թերացումները, խնդիրները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու այդ նախաձեռնությանը, նշել է, որ առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևէ ավելացում չի լինի: «Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»։ Ապա անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասել է՝ «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։
Երեկ ՊԵԿ-ը օրվա ընթացքում հաղորդագրություն տարածեց, որով փորձ արվեց շտկել հատկապես արտահերթ ընտրություններից առաջ ստեղծված լարված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-ասված էր հայտարարության մեջ։ Մասնագետները ՊԵԿ այդ արձագանքը համարեցին ոչ թե հերքում, այլ «լղոզված» պատասխան։
168.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցեր ուղարկեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.
– Հարկային բարեփոխումների փաթեթն այս անգամ բավականին անաղմուկ հայտնվեց: Նախքան e-draft.am-ում հրապարակվելը այն աշխատանքային ի՞նչ օղակներով է անցել, և ի՞նչ մակարդակներում է քննարկվել, պետական ո՞ր կառույցները և պաշտոնյաներն են եղել հիմնական դերակատարները: Արդյոք այն նախքան հրապարակվելը արժանացե՞լ է իշխանության, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությանը:
–Եկամուտների համատարած հատարարարագրման ինստիտուտի ներդրման որևէ կոնկրետ օրինագիծ կամ փաթեթ շրջանառության մեջ դրված չէ։ Գաղափարի շուրջ համապատասխան քննարկումներ և ուսումնասիրություններ (այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրություններ) իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ուսումնասիրվում են ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ՀՀ-ում վերջինիս հիման վրա ձևավորված գործուն համակարգի ներդրման բոլոր, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի, ներդրման հնարավորությունները։
Աշխատանքները դեռևս կրում են «լոկալ» բնույթ (իրականացվում են միայն ՊԵԿ-ում ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ներքին քննարկումների շրջանակներում), այսինքն՝ կառավարությունում որևէ խորքային քննարկումներ դեռևս չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, կապիտալի և եկամուտների հարկման բեռի նվազեցման և սպառման հարկման բեռի ավելացման ուղղությամբ տարվող ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում փոխվարչապետի և վարչապետի մոտ կայացած աշխատանքային զանազան քննարկումների ժամանակ իմ կողմից ներկայացվել են այս թեմային առնչվող և ապագային միտված առանձին գաղափարներ, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել։
– «Ռադիոլուրին» տրված հարցազրույցում Դուք ուղիղ տեքստով նշեցիք, որ եկամուտների հայտարարագրումը և հարկումը պետք է տարածվի բոլոր ֆիզիկական անձանց վրա, որից հետո մեջբերեցիք խոպանչիներին հարկելու սկզբունքը, որը, սակայն, միանշանակ չընկալվեց: Ի վերջո, եթե ավելի հստակեցնենք, ի՞նչ էր Ձեր ասածը և ի՞նչը սխալ հասկացվեց, եթե, իհարկե, կար այդպիսի երևույթ:
– Լրատվությանը տրված հարցազրույցների և ճեպազրույցների ժամանակ ներկայացվել են եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբևէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։
Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ապա ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաև արտերկրում վճարված հհարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միևնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։
Այնուամենայնիվ, կրկնում եմ, խոպանչիների եկամուտները, առավել ևս տրանսֆերտները հարկելու որևէ գաղափար թե՛ կառավարությունում, և թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան։
– Դուք նշում եք, որ այսօր կա տեխնիկական հնարավորություն եկամուտների համատարած հայտարարագրում իրականացնելու համար: Սակայն այստեղ միայն տեխնիկական բաղադրիչը բավարար չէ, և պետք է նաև հասարակության գիտակցությունն ու պատրաստակամությունը: Դուք կարծում եք՝ կստանա՞ք այդ աջակցությունը:
– Միանգամայն համաձայն եմ։ Մենք այս պահին գնահատում ենք ռեֆորմի՝ տեխնիկական իրագործելիության հանգամանքը և գտնում ենք, որ մենք տեխնիկապես, այսինքն՝ առկա տեղեկատվական համակարգերի առկայությամբ պայմանավորված, պատրաստ ենք իրականացնել հիշյալ բարեփոխումները։ Բնականաբար, հանրային աջակցություն ստանալու կամ չստանալու հարցը կպարզվի հանրային քննարկումների ժամանակ, երբ մենք մեր բարեփոխումների փաթեթը կներկայացնենք հանրության դատին։ Սակայն, կրկին հիշեցնում եմ, որ այս պահին մենք դեռևս չունենք նույնիսկ կառավարության դիրքորոշումը, քանի որ բարեփոխումների փաթեթ կառավարություն մեր կողմից դեռևս չի ներկայացվել։
– Ստացվում է, որ հասարակ քաղաքացին պետք է հայտարարագրի իր եկամուտները, դրա դիմաց վճարի 23 տոկոս եկամտահարկ, և այդ ամենն անի նրա համար, որ ստանա 3 տոկոս բոնուսային վերադարձ: Չե՞ք կարծում, որ քաղաքացուն այդ պարզ փոխանակությունը ձեռնտու չէ և նա կնախընտրի թաքցնել եկամուտները:
– Ընդհանուր առմամբ, եթե կարճ ձևակերպենք, ապա՝ այո, համատարած եկամուտների հայտարարագրման հիմնական էությունը կայանում է հենց Ձեր հարցի մեջ նշված գաղափարի մեջ։ Կարծում եմ, որ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացնելու ենք այնպիսի առաջարկ, որը հանրային-մասնավոր շահի համադրման համատեքստում հանրության կողմից հավանության արժանանալու մեծ հավակնություն է ունենալու։
– Դուք նշում եք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է քննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնական նախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունը միտված է 2019 թվականին միս ու արյուն տալ այս գաղաթարին:
– Միանգամայն ճիշտ եք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման: Այո, մեր գնահատմամբ, դա իրականացվելու է 2019թ. ընթացքում: Այնուամենայնիվ, վերոհիշյալն ամենևին հիմք չի տալիս մեզ պնդելու, որ կառավարությունը 2019 թվականին այս գաղափարը կյանքի կոչելու հստակ մտադրություն ունի, քանի որ այն դեռևս կառավարության ներսում համապատասխան քննարկումների փուլին մեր նախաձեռնությունը չի հասել:
– Սովորական բիզնեսմենը, երբ իր գործունեության մի մասը ծավալում է այնպիսի երկրում, որի հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, պետք է բավականին թղթարարություն և աշխատանքներ իրականացնի կրկնակի հարկումից խուսափելու համար: Չե՞ք կարծում, որ ֆիզիկական անձը չի ցանկանա այս փաստաթղթային քաշքշուկի մեջ հայտնվել և պարզապես կթաքցնի եկամուտները՝ դրանք Հայաստան բերելով զարտուղի ճանապարհով:
–Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եկամտային հարկը (կամ դրան համարժեք հարկը), որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվել է արտերկրում, ենթակա է հաշվանցման (հանման) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորության գումարից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրի հետ արդյո՞ք ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների հնարավոր վարքագծին, չեմ կարող բացառել, որ հնարավոր է, որ մեր հայրենակիցները փորձեն խուսափել փաստաթղթային քաշքշուկներից, սակայն դա ևս հանրային քննարկման արդյունքում մեր երկրում հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ հանրային պայմանավորվածություններ ձեռք բերելու համատեքստում կարգավորման ենթակա հարց է։