Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկանա, թե ով է կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող պատգամավորը, ում մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր ԱԺ ամբիոնից: « Առաջիկա օրերին կիմանաք»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսումների հետ կապված որևէ բան չի կարող ասել: «Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված, քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,-հավելեց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ էլ ԱԱԾ պետն ընդգծեց, որ օպերատիվ աշխատանքներն իրականացվում են: «Օպերատիվ աշխատանքը կավարտենք, երբ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, մենք կկարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ. դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,-նշեց նա: