
«Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը:
«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը ի վիճակի է պահպանել և պաշտպանել երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը: