«Մենք ուզում ենք նաև այնպես անել, որ մեր պետական եկամուտներն ավելանան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը տեսնում է կառավարության, համայնքների և քաղաքացիների համագործակցության ճանապարհով:

Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ չկա այնպիսի խնդիր, որը կարող է լուծվել կառավարություն-համայնքներ-քաղաքացի եռանկյունուց որևէ մեկի ձեռնպահ մնալու պարագայում: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի մարդիկ քաջալերվեն և կառավարությունն էլ նրանց քաջալերի ներդրումներ անել, նոր աշխատատեղեր բացել, ինքնազբաղվածության հարց լուծել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում գնալու են լուծման, որի համաձայն՝ միկրոբիզնես հասկացությունը, որը տարեկան պետք է ունենա, օրինակ, 20 միլիոն դրամի շրջանառություն, կազատվի հարկերից: «Սա անում ենք նրա համար, որ մարդկանց քաջալերենք, որպեսզի մարդը մտածի, որ մարզում ինքը կարող է մի փոքր բիզնես դնել, ընտանեկան ինչ-որ բան մտածել: Եվ դա, ըստ էության, մեր օգնությունն է այդ մարդուն, որովհետև այն, ինչ ինքը պետք է վճարեր պետությանը, մենք ասում ենք դա մի վճարեք ու աշխատեք»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ առաջիկայում նաև մասնավոր տաքսիների վարորդներին նույնպես ազատելու են հարկերից: «Մենք նրանց ասում ենք՝ եթե ցանկանում եք տաքսի վարել, վարեք, իհարկե, այն պայմաններում, երբ մեքենան պետք է տեխզննում, ԱՊՊԱ անցած լինի, իսկ մասնավոր տաքսի վարելու համար մենք հարկ չեք վերցնում: Սրանով մենք էլի քաջալերում ենք աշխատանքը, նաև մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն ենք տալիս: Մարզերում ամեն ամիս 8 հազար դրամ, իսկ Երևանում՝ 12 հազար դրամ մասնավոր տաքսի վարողը պետք է վճարի պետությանը: Հիմա մենք այս ամսեկան գումարը մարդկանցից չենք ուզում և այդպիսով քաջալերում ենք, որ նրանք կարողանան աշխատել և իրենց եկամուտը վաստակել»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա իրենց քաղաքականության տրամաբանությունն է, որովհետև ցանկանում են մարդկանց քաջալերել, որպեսզի նրանք արդյունք ստեղծեն: «Որովհետև մենք համարում ենք, որ դա ավելի օգտակար ու արժանապատիվ է, քան այն, որ մենք տաքսու վարորդից 12 հազար դրամ գանձենք, հետո նա գա ասի՝ գիտեք ինչ, ես չեմ կարողանում ընտանիքս պահել, մենք էլ այդ 12 հազարից 10 հազարը որևէ ձևով նրան վերադարձնենք ու ասենք սուս մնա:

Մենք ուզում ենք մարդկանց համար ստեղծել աշխատելու հնարավորություն՝ և միկրոբիզնեսի համար, և փոքր բիզնեսի համար, և միջին բիզնեսի համար: Եվ մեր շահագրգռությունը ոչ միայն այն է, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի, մենք ուզում ենք նաև այնպես անել, որ մեր պետական եկամուտներն ավելանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ մարդիկ հարկ չեն վճարում, ՀԴՄ չեն խփում՝ պատճառաբանելով, թե հարկերը շատ են: Նրա խոսքով՝ հիմա իրենք հարկային բեռը նվազեցնում են պայմանով, որ ՀԴՄ չխփելու համար տուգանում են: «Միկրոբիզնեսը նույնպես պետք է ՀԴՄ-ով աշխատի, որպեսզի մենք տեսնենք՝ շրջանառությունը 20 միլիոն դրամ է, թե դրանից ավել է: Որովհետև հակառակ պարագայում մի սուպերմարկետ կարող է ընդհանրապես ՀԴՄ չխփել, վերջում էլ ասել, որ իր շրջանառությունը 20 միլիոն դրամ է ու ոչ մի հարկ չունի վճարելու»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս