Բաժիններ՝

Իսպանիայում սաստիկ անձրևները հեղեղումներ են առաջացրել

Սաստիկ անձրեւներ են տեղացել մայրցամաքային Իսպանիայում, Ինչպես նաեւ Բալեարյան եւ Կանարյան կղզիներում, ծովեզերքին դրանք հեղեղումներ են առաջացրել, Վալենսիայում եւ Ալիկանտեում նոյեմբերի 19-ին սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ: Այդ մասին հայտնել է AEMET օդերեւութաբանական գործակալությունը: Առանձնապես տուժել է արեւելյան ափը:

Նավատայի մունցիպալիտետում (Խերոնայի նահանգ, Կատալոնիայի Ինքնավար Մարզ) մեկ քառակուսի մետրի վրա 170 լիտր տեղումներ են գրանցվել: Մանոլ գետը (Խերոնայի նահանգ) դուրս է եկել ափերից, դրա հետեւանքով տարահանվել են Ֆիգերասի մի քանի տասնյակ բնակիչներ: Խերոնայում փակ են մայրուղիների 26 հատվածներ: Վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանվել Բալեարյան կղզիներում: Կանարյան կղզիներում նոյեմբերի 18-ին ալիքները հասել են վեց մետր բարձրության:

Տեներիֆեի Գարաչիկո քաղաքում փակ է ափամերձ ճանապարհներից մեկը: Այն բանից հետո, երբ շենքերից մեկում փլվել է պատշգամբը, 40 մարդ է տարահանվել: Բացի դրանից, տարահանվել է կղզու հարավում գտնվող Ադեխեի բնակիչների մի մասը: Այստեղ ալիքները ջարդել են հյուրանոցի ռեստորանների ապակե ցուցափեղկերը: Անդալուսիայում առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել Ուելվայում եւ Մալագայում: Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, ալիքները նույնպես հասել են չորսից մինչեւ վեց մետր բարձրության:

Վիվեյրոյի մունցիպալիտետում (Գալիսիայի Ինքնավար Մարզ) մի տարեց կին է զոհվել այն բանից հետո, երբ ջրը լցվել է նրա տուն: Նոյեմբերի 19-ին Վալենսիայի նահանգի հարավում եւ Ալիկանտեի հյուսիսում սաստիկ քամիների պատճառով վտանգի «կարմիր մակարդակ» է սահմանվել: Նոյեմբերի 19-ին չեղարկվել են 45 հազար դպրոցականների պարապմունքները: Մեկ շաբաթ է, ինչ Իբերիական թերակղզում շարունակվում են անձրեւները, բացի այդ, ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս