«Եթե որևէ մեկը քրեական տարր է, նրա տեղը բանտն է, նա պիտի լինի բանտում կամ էլ պետք է ապրի որպես օրինապահ քաղաքացի». Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ այս փուլում իրենց համար շատ կարևոր է, որպեսզի բացառեն ընտրությունների ընթացքում վարչական լծակների կիրառումը, ընտրակաշառքը, մանկավարժներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավելու դեպքերը:

«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ձեր իմացած իմաստով «ասել», թե ում ընտրի: Քաղաքացիները պետք է հետևեն քարոզարշավին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներին, ծանոթանան ծրագրերին և որոշում կայացնեն իրենց քվեարկության վերաբերյալ: Ես ցանկանում եմ ասել, որ պետք է բացառվի դպրոցների տնօրենների և ընդհանրապես մանկավարժների ներգրավվածությունը քարոզչական գործընթացներում» Ոչ մի տնօրեն, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչություն անելու համար, որովհետև նրանց գործառույթը երեխաներին գիտելիք հաղորդելն է և նրանց կրթական պրոցեսը կազմակերպելն է»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ շատ կարևոր է, որպեսզի կարողանան այս փուլում հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք նախկինում կիրառվել են: «Գուցե, շատ դեպքերում, կառավարությունը, իշխանությունը ինքն է ներքաշել այն մարդկանց, ովքեր չպետք է լինեն ընտրական պրոցեսների մեջ, հիմա մենք պետք է դրանից հրաժարվենք: Իհարկե, այս պահին գործող Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են քարոզչություն անել, ովքեր չեն կարող քարոզչություն անել, սակայն ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հանրային ծառայողները որոշակի առումով պետք է սահմանափակեն իրենց, որպեսզի հատկապես կրթական օջախները չքաղաքականացվեն:

Իհարկե, հնարավոր է, որ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ լինեն հանձնաժողովի անդամներ, բայց դա կապ չունի ընտրական գործընթացի հետ, դա օրենքով սահմանված գործառույթ է, որը պետք է պատշաճ մակարդակով և օրինական ձևով իրականացվի: Ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր ունեն քարոզչության իրավունք, ունեն քարոզչության իրավունք: Խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ փորձ է արվում օգտագործել վարչական լծակներ, սպառնալիքների մեթոդներ կիրառել: Սա քաղաքացու կամքի սահմանափակում է, և մենք ոչ միայն դրանից պետք է հրաժարվենք, այլ այսպիսի ցանկացած դրսևորում պետք է լուրջ հակազդեցության արժանանա»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքը և նմանատիպ այլ երևույթները Հայաստանում այլևս տեղ չունեն: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրավապահ մարմինների առջև այս առումով շատ լուրջ խնդիր է դրված: «Ես չեմ ցանկանում, որ գործընթացներն այնպես գնան, որ մարդիկ այս զգուշացումներին լուրջ չվերաբերվեն: Ես կարծում եմ, որ որևէ մեկն ընդհանրապես պետք է փորձ չանի, որովհետև հետո կլինեն կալանավորումներ, ձերբակալություններ, հետո ցույց կանեն՝ կասեն ազատեք մեզ և այլն: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին հանգիստ ենք թողնում: Իրենք թող որոշեն, թե ում են ընտրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ հանկարծ չստացվի այնպես, որ կրիմինալը ընտրական պրոցեսներում որևէ ձևով ներգրավված լինի: Նրա խոսքով՝ այդ երևույթը ևս պետք է արմատախիլ անել, որովհետև քրեական հեղինակության տեղը կամ դերը քաղաքացուն քաղաքական ընտրություն պարտադրելը չէ:

«Եթե որևէ մեկը քրեական տարր է, նրա տեղը բանտն է, նա պիտի լինի բանտում կամ էլ պետք է ապրի որպես օրինապահ քաղաքացի, հարգալից լինի երկրի օրենքների, հանրության, քաղաքացու նկատմամբ: Ես հույս ունեմ, որ մենք այս պայմանները ճշգրիտ կպահպանենք: Ես նաև հույս ունեմ, որ դուք բոլորդ ուրախ եք, որ կառավարությունը ձեր առաջ չի դնում խնդիրներ, որոնց կատարումը չի մտնում ձեր պաշտոնական գործառույթների մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորություն կունենան:

Տեսանյութեր

Լրահոս