Նոր մենաշնորհը՝ պոպուլիզմի ֆոնին

Նոր կառավարությունը ֆորմալ, պոպուլիստական քննադատության է ենթարկում նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը կրթական-մշակութային ոլորտում, սակայն շարունակում է նույն ոճով: Դրա վկայությունն է Սմբատյան ընտանիքին տրվող մենաշնորհի հայտնի ավանդույթի պահպանումը ներկա իշխանության կողմից:

Կառավարության ներկայացրած «ԴասA» նախագիծը, որն ուղղված է պատանիների մշակութային կրթությանը և դասական, ազգային արվեստի հանրայնացմանը, այդ ավանդույթի շրջանակներում է: Նախագիծը մեկնարկում է ՀՀ Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների ու Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համագործակցությամբ՝ ներգրավելով 14-17 տարեկան թվով 13 532 աշակերտի։ Ըստ Արայիկ Հարությունյանի հայտարարության՝ այն «յուրօրինակ նախագիծ է… որ կարող է գրավել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը»:

Պր-ն Հարությունյանն ազգային ժողովի իր վերջին ելույթում քննադատության է ենթարկում նախկին իշխանությունների կողմից իրականացված ծրագրերը, որոնց հարյուր միլիոնավոր դրամներ են տրվել՝ միջազգային ծրագրեր ընդամենը copy/paste անելու համար: Ֆորմալ քննադատության ֆոնի ներքո՝ նա հաստատում է  Սերգեյ Սմբատյանի կողմից copy/paste արված «ԴասA» ծրագիրը, միաժամանակ ներկայացնելով այն՝ իբրև յուրօրինակ և արժանի միջազգային ուշադրության:

Հիշեցնենք, որ կրթական բազմաշերտ և բազմապիսի ծրագրեր են մշտապես իրականացվում միջազգային բոլոր նվագախմբերի կողմից աշխարհի տարբեր քաղաքներում, ի թիվս այլոց՝ Լոնդոնի Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Նյու Յորքի Ֆիլհարմոնիկի, Ամստերդամի Թագավորական նվագախմբի, և այլն:

Կարդացեք նաև

Արայիկ Հարությունյանը նաև ֆորմալ քննադատության է ենթարկում նախկին իշխանությունների իրականացրած ծրագրերը՝ դրանք համարելով ծախսերի տեսանկյունից ոչ օպտիմալ, և հայտարարելով, որ միլիարդավոր դրամներ ծախսվել են աննպատակ, որոշ մարդկանց շահերից բխող ծրագրերի վրա: Սակայն, նա de facto նախաձեռնում է այդ նույն մարդկանց շահերից բխող ծրագիր՝ առանց նախապես ուսումնասիրելու Սերգեյ Սմբատյանի հեղինակած նախորդ ծրագրերի արդյունավետությունը, անաչառությունը և մասնագիտական որակը:

Փորձենք պր-ն Հարությունյանի բացթողումը լրացնել՝ համառոտ էքսկուրս կատարելով նախկինում ֆինանսավորված մշակութային-կրթական ծրագրերի շուրջ՝ հիշեցնելով, որ դրանց զգալի մասը բխում էր  հատկապես Սմբատյան ընտանիքի շահերից: Կրթության նախարարի պաշտոնակատարի ուշադրությունից վրիպած չպետք է լինեին հայկական և անգամ ավստրիական, ռուսական և ամերիկյան մամուլի բազմաթիվ անդրադարձները Սմբատյանների կրթական-մշակութային մենաշնորհի, նրանց կասկածելի համագործակցությունների՝ Վիեննայի Վագներ կոնսերվատորիայի, օֆշորներում գրանցված հիմնադրամների և Խաչատրյան մրցույթ-հիմնադրամում իշխող կոռուպցիայի վերաբերյալ,  որոնք քննադատվել են անգամ Transparency International-ի և Մարդու իրավունքների ինստիտուտի կողմից  (օրինակ, տես այստեղ.)

Սմբատյանների շահերից բխող վատնումների օրինակներից են Սերգեյ Սմբատյանին պատկանող «Դասական երաժշտության աջակցության» հ/կ-ին տրված դրամաշնորհները, որին ամենայն մանրամասնորեն անդրադարձել են «Հետք» հետաքննական հրապարակումների կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և Մարդու իրավունքների ինստիտուտը: Հիշեցման կարգով նշենք, որ կազմակերպությանը 100 մլն 760 հազար դրամ գումար է նվիրաբերվել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով»: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս իր զեկույցում նշել էր, որ Կրթության և գիտության նախարարության կողմից երկու տարվա ընթացքում միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրված մոտ 365 մլն դրամի շուրջ 38%-ը (138,7 մլն)` տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» հ/կ-ին: Սերգեյ Սմբատյանի կազմակերպությունը 2014թ. միայն ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ստացել է 141 մլն 650 հազար դրամի դրամաշնորհ՝ որպես աջակցություն երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը:

Զավեշտական է նաև, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը նախկին ծրագրերի անբավարար որակի մասին նույնպես շրջանցում է Սերգեյ Սմբատյանի իրականացրած աղմկահարույց և ծախսատար ծրագրերը: Կիսելով նախկին իշխանությունների անվերապահ վստահությունը Սերգեյ Սմբատյանի և նրա ղեկավարած նվագախմբի մասնագիտական որակի վերաբերյալ՝ պր-ն Հարությունյանը նրան իբրև կրկնօրինակման վտանգավոր մոդել է ներկայացնում նոր սերնդի համար: Արդյունքում՝ իր հոր՝ Արմեն Սմբատյանի, պետական դիրքի չարաշահման շնորհիվ (որի արդյունքում, ըստ ԶԼՄ-ների, նա յուրացրել է անգամ ԱՕԿՍ-ի շենքը) և բյուջեի հաշվին, այլ ոչ՝ վաճառված տոմսերի քանակով և արտասահմանյան շրջագայությունների դիմաց ստացած վարձատրությամբ իր պահանջարկն ապացուցող, հայկական շրջանակներում մասնագիտական կարիերա ստեղծած Սերգեյ Սմբատյանն է ներկայանում դեռահասների համար իբրև չափանիշ:

Ամփոփելով՝ ավելացնենք, որ Սերգեյ Սմբատյանի «ԴասA» նախագծի հաստատմամբ,  Գիտության և կրթության ու Մշակույթի նախարար-պաշտոնակատարները  ոչ միայն կրկնում են նախկինների՝ իրենց իսկ քննադատած սխալները, այլ խորացնում՝ պոպուլիզմի զոհ դարձնելով մշակույթի ոլորտը: Մասնավորապես՝ նրանք ձախողում են Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հաջողությամբ  մեկնարկած «ապամենաշնորհման» գործընթացը երաժշտության բնագավառում, երբ երկարատև չարաշահումներից հետո՝ պետական հովանավորությամբ իրականացվող ծրագրերը սկսել էին բաշխվել Հայաստանում գործող բոլոր դիրիժորների միջև հավասարապես:

Կարծում ենք, հատկապես այս մտահղացումն էր հարկավոր ներդնել դեռահասների համար նախատեսված ծրագրի հիմքում՝ կարևորելով այն, թե ինչպիսի նկարագիր ունեցող արվեստագետն է ներկայանում՝ իբրև կրկնօրինակման մոդել: Արդյունքում, աշակերտները կունենային հնարավորություն՝ Սերգեյ Սմբատյանից բացի, հաղորդակցվելու նաև Էդուարդ Թոփչյանի, Կոնստանտին Օրբելյանի, Վահան Մարտիրոսյանի և Կարեն Դուրգարյանի հետ, իսկ հետագայում՝ ազատություն՝ ընտրելու իրենց նախընտրած համերգներն ու արվեստի հանդեպ մոտեցումը:

ԱՍՏՂԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս