«Մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելառուսը  ներողություն խնդրի». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական  Արտակ Զաքարյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանում, թիվ 2 ընտրատարածքում:

«Իշխանափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումներն առաջ բերեցին  մի շարք խնդիրներ նոր իշխանության կողմից:  Սրա արդյունքում՝ ցանկացած կայացած քաղաքական գործիչ իրեն հարց կտար. եթե չմասնակցենք ընտրություններին, կարո՞ղ ենք  հետագայում ինքներս մեզ ապացուցել, որ ընտրություններին չմասնակցելը ճիշտ էր: Արդար չէր լինի զերծ մնալ քաղաքական գործընթացներից ու ասել՝ թող գնան, ինչ ուզում են՝ անեն: Քիչ չեն մարդիկ, ովքեր նույնպես ոգևորված են փոփոխություններից, բայց ունեն  մտահոգություններ: Փոփոխությունները պետք է երաշխավորված լինեն, ոչ թե վտանգված: Ընտրություններին ՀՀԿ մասնակցությունը կշռադատված է, չնայած եղել են նաև չմասնակցելու, դադար վերցնելու առաջարկներ:

Մենք առանձնացրել ենք այն խնդիրները, որոնք լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Դրանցից մեկն  Արցախի հիմնախնդիրն է: Արցախյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ունի որոշակի տրամաբանություն, որը երկար տարիներ իրեն արդարացրել է՝ հատկապես ստատուս-քվոյի պահպանման գործընթացում: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության նկատմամբ ճնշումներ լինեն, մենք լինելով խորհրդարանում՝ օգնելու ենք, որ զերծ մնան դրանցից:

Կա նաև անվտնագության հարցը: Այս առումով շատ ասելիք ու անելիք ունենք՝ ելնելով մեր փորձից: Հաջորդ իշխանություններին կօգնենք ճիշտ ճանապարհներ, լուծումներ  գտնել՝ հավասարակշռելով  տարածաշրջանային ուժերի կառուցվածքը: Վտանգված է նաև արժեքային համակարգը: Որոշակի հոսանքներ, խմբեր հայկական ավանդական պատկերացումներին, ընտանիքի մոդելին, եկեղեցու դեմ որոշակի ոտնձգություններ են կատարում: Որպես ազգային պահպանողական ուժ՝ այս առումով ևս խորհրդարանում ունենք անելիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշեց.

«ՀԱՊԿ-ում արդյունքները միշտ եղել են գոհացուցիչ, չնայած եղել են հակասություններ՝ պետությունների ներսում: Այսօր որդեգրված քաղաքականության արդյունքում տեսնում ենք, որ առկա տարբեր մոտեցումները կարող են վերածվել կոշտ հակասությունների, ինչն անդրադառնալու է  ոչ միայն ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, այլև ԵԱՏՄ-ում մեր հնարավորությունները սահմանափակելուն:

Չեմ բացառում, որ շատ խնդիրներ տեղափոխվեն ՄԱԿ-ի հարթակ: Իսկ այն, ինչ հայտարարվեց Բելառուսի կողմից, անընդունելի է, մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ ներողություն խնդրեն կամ վերանայեն իրենց մոտեցումները: Ճիշտ չէ փակ քննարկման արդյունքում տեղի ունեցածը ներկայացնել  Ադրբեջանի դեսպանին, չնայած մեզ համար գաղտնիք չեն այդ երկու երկրների հարաբերությունները: Պետք է հնարավորություն ունենանք մինչև վերջ շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալու մեր իրավունքը: Քանի որ սխալի մեծ մասը մերն է, անհարկի շտապողականություն է եղել Խաչատուրովին հետ կանչելու առումով, հուսամ, որ իշխանությունները դասեր կքաղեն: Արտաքին քաղաքականությունը Հայաստանում հրապարակային ելույթ ունենալը չէ, այն  քիչ խոսելու և շատ աշխատելու մեջ է»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս