
Թալիբները հավաստել են Կատարում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումը

«Թալիբան» շարժումը նոյեմբերի 19-ին հավաստել է, որ անցյալ շաբաթ իր անդամները Կատարում հանդիպել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: «Թալիբանի» «բարձրաստիճան պատվիրակությունը» նոյեմբերի 14 – 16-ը հանդիպել է ԱՄՆ-ի պատվիրակության հետ, նրանք քննարկել են «աֆղանական պատերազմի խաղաղ լուծումը»,- հայտարարել է շարժման ներցկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: Երկխոսությունը, նրա խոսքով, որեւէ համաձայնության չի բերել: Կողմերը սոսկ կարծիքներ են փոխանակել:
Ավելի վաղ Associated Press-ը (AP), վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը եւ «Թալիբան» շարժման անդամները եռօրյա բանակցություններ են վարել Կատարում: Կատարում է գտնվում «Թալիբանի» քաղաքական ներկայացուցչությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: