«ՔՊ-ն ընտրություններում լուրջ պրոբլեմներ է ունենալու և 80-90 % չի հավաքելու». Վիգեն Խաչատրյան
«Քարոզչությունն արդեն սկսվել է, և շատ մարդկանց մոտ շատ բան սկսվում է փոխվել։ Նախ մենք չկողմնորոշված զանգված ունենք, որը պետք է վերջնական որոշում կայացնի՝ ում օգտին է քվեարկելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա անընդունելի է համարում, երբ բիզնեսը սերտաճում է իշխանության հետ, ինչը, ըստ նրա՝ կունենանք այս ընտրություններում. «Այս ամենի դեմը նոր իշխանությունը չի ուզում առնել, ինչն իր բացասական հետևանքը թողնելու է ընտրությունների վրա։ Այս ընտրությունները դեռ բարձր մակարդակով կազմակերպված ընտրություն չէ։ Այսպիսի ընտրությունը մեր ուզած արդյունքը չի տալու»։
Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ նոր իշխանությունների կառավարման 6-7 ամիսը բավարար էր հասկանալու համար, որ հարկավոր է զսպող ուժ. «Բացարձակ իշխանությունը սկսում է այլասերել իշխանությանը։ Կարևոր հարց է, թե ինչ որակի ընդդիմություն ենք ունենալու։ Եթե այսօր ՔՊ-ն գալիս է իշխանության, ենթադրենք՝ չհաջողեց, ո՞ր ուժը կուզենային, որ փոխարիներ նրան։ Ես վստահ եմ, որ ՔՊ-ն ընտրություններում լուրջ պրոբլեմներ է ունենալու և 80-90 տոկոս չի հավաքելու։ ՔՊ-ի խնդիրները սկսվել են ներսից. ցուցակը կազմելիս պրոբլեմներ առաջացան, ինչը բնական է, հաջորդ խնդիրն էլ կառաջանա խորհրդարանում, երբ սկսեն բաշխել՝ ով է հանձնաժողովի նախագահ, ով՝ տեղակալ։ Կառավարության ձևավորման ժամանակ ևս խնդիրներ են առաջանալու, ինչը նորմալ է»։
Նախկին պատգամավորը նկատեց՝ ՔՊ նորանշանակ կադրերը համատարած կադրային ջարդ են իրականացնում, դուրս են գալիս օրենքների սահմաններից. «Այդ բոլորը հակառակ ձայներ է բերելու իրենց։ Էն, որ վեր են կենում, ասում են՝ «Նիկոլ վարչապետ» կարգախոսով գնանք, ամենաանխոհեմ կարգախոսն է։ Դա խոսում է այդ մարդկանց քաղաքական անկարողության մասին, քանի որ մենք վարչապետ չենք ընտրում, ընտրում ենք խորհրդարան, որը կընտրի վարչապետ։ Ուժի դիրքերից հանդես գալը վնաս է հենց այդ ուժին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում