Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի դեմ հրթիռահարվածների դադարեցման մասին
Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների եւ անօդաչուների գրոհների դադարեցման մասին:
Նոյեմբերի 18-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը: «Մենք պատրաստվում ենք ավելի լայն հրադադարի՝ պայմանով, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան խաղաղություն է ցանկանում»,- ասված է փաստաթղթում:
Նոյեմբերի 15-ին Reuters-ը հայտնել էր, որ արաբական կոալիցիան հրաման է տվել Եմենի արեւմուտքում «Անսար Ալլահ» խռովարար կազմավորման կողմից վերահսկվող Հոդեյդա քաղաք-նավահանգիստի դեմ հարձակողական գործողության դադարեցման մասին: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսի խռովարարների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի տվյալներով՝ 2015 թվականի գարնանից երկրում սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխա եւ շուրջ 2 հազար կին: Նույն ժամանակամիջոցում վիրավորվել է 18,5 հազար եմենցի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: