Apple-ը կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ. CNBC
Apple կորպորացիան կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ եւ այդ նպատակով համաձայնագիր է ստորագրել Նյու Յորքում հաստատված A24 ընկերության հետ: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ գործընկերները պլանավորում են համատեղ նախագծին ձեռնամուխ լինել հաջորդ տարի: Սկզբնական շրջանում A24-ը կինոֆիլմերն ու հեռուստաշոուները թողարկելու եւ ցուցադրելու է անվճար: Այս մոտեցումը միտված է հանդիսատեսների վստահությունը նվաճելուն եւ նպատակային լսարանի համախմբմանը:
ողմերի միջեւ կնքված համաձայնագրի պայմանները դեռեւս չեն բացահայտվում: A24-ը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սենյակը» (2015 թ.), «Էմի» (2015 թ.), «Լեդի Բյորդը» (2017 թ.) եւ «Լուսնի լույսը» (2016 թ.) կինոնկարները: Վերջին ժապավենը 2017 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», եւ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգերում:
1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 տրիլիոն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: