«Երկրի ղեկավարի պարտականությունը մաչո լինելը չէ». Արմեն Աշոտյան

«Ինձ մոտ կա տպավորություն, որ, բնականաբար և Ռուսաստանը, և Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են հասկանալ, թե Հարավային Կովկասում ում վրա կարող են հենվել, որովհետև կա Իրան, կա սիրիական ճակատ, և ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի համար պայքարը թեժանալու է: Երկուսն էլ փորձում են դա անել` ելնելով իրենց շահերից: Հիմա մեզ համար կարևոր է, որ այդ շահերի բավարարումը չարվի Հայաստանի Հանրապետության ու Արցախի շահերի հաշվին»,- Live News-ի եթերում երեկ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ի լրումն իր ասածի` նա հավելել է նաև, որ նախկին հանրապետական իշխանությունը կարողացել է իր ռուս գործընկերներին բացատրել, հիմնավորել իրավիճակը ու ստանալ նրանց աջակցությունն այն հարցում, որ Հայաստանի շահերով չէ, որ պետք է վճարվի Ադրբեջանի գեոպոլիտիկ հավատարմության գինը:

ՀՀԿ փոխնախագահը նշել է նաև, որ որքան վարչապետ Փաշինյանը ավելի բարձր է խոսում այն մասին, որ աննախադեպ է հայ-ռուսական հարաբերությունների ջերմությունը, այնքան խորն են կասկածները ու Մոսկվայից իր ստացած ստույգ ինֆորմացիաները հակառակի մասին:

«Դուք կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկե՞ր է Ռուսաստանի համար, Դուք կարծում եք շանտաժի լեզուն, որով նա խոսում է ՀՀԿ-ի հետ երկրի ներսում, աշխատելու է դրսո՞ւմ: Մեր ժողովուրդը, երբ նա լսում է վարչապետի հայտարարությունները` Ղազախստանի ու Բելառուսի նախագահներին ուղղված, մտածում է. «Էս ինչ մաչո ա, ուժեղ տղա ա, հալալ ա Նիկոլին, տեսա՞ր ոնց ասեց»: Բայց պետական կառավարման խնդիրը ասելու մեջ չէ, երկրի ղեկավարի պարտականությունը մաչո լինելը չէ. Պետական կառավարչի համար քաղաքական մաչոիզմը անթույլատրելի է: Եթե հայերը պետք է մաչո ընտրեն, Դեն Բիլզերյանից լավ մաչո չի կարող լինել: Պետական կառավարումը հաթաթա տալով չէ: Հարցը լուծել է պետք: Աստված մի արասցե, դեկտեմբերի 6-ին Հայաստանի ներկայացուցիչը չդառնա ՀԱՊԿ քարտուղար: Իմիջային նման կորուստ, նման հարված հասցնել երկրին ընդամենը 6 ամսվա մե՞ջ…»,-մասնավորապես ասել է ՀՀԿ փոխնախագահը:

Նա շեշտել է նաև, որ ակնհայտ է, որ թե իր թիմը, թե Նիկոլ Փաշինյանն անձամբ չունեն արտաքին քաղաքական մարտահրավերները ադեկվատ ընկալելու ունակություն, և խոսքն այստեղ բոլորովին էլ նրանց դավաճանության ու հողեր հանձնելու մեջ մեղադրելը չէ, որովհետև դրա ոչ իրավական, ոչ բարոյական իրավունքը չունեն: Խոսքը այդ մարդկանց պրոֆեսիոնալ տկարության մասին է, և աշխարհաքաղաքական գուրու է պետք լինել ընդամնեը 6 ամսում թե Մոսկվայի և թե Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս