Բաժիններ՝

«ԱՄՆ-ում ուսումս ավարտելուց հետո վերադառնալու եմ Հայաստան և գիտելիքներս փոխանցեմ հայ ուսանողներին». Թերեզա Սարգսյան

168.am-ի «Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակցուհի Թերեզա Սարգսյանի պատմությունը։ Սարգսյանների ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել 1988թ. և բնակություն  հաստատել Նյու Յորք նահանգում։ Թերեզան ծնվել է 1994 թվականին։ Հայկական միջավայրում երեխային մեծացնելու ծնողների ցանկությունը կատարվում է. մինչև 6-րդ դասարան Թերեզան սովորում է հայկական Սրբոց նահատակաց ամենօրյա վարժարանում՝ հայ երեխաների հետ։

«Վարժարանն ավարտելուց հետո բոլորս միասին գնացինք ամերիկյան հանրային դպրոց։ Մի փոքր դժվար էր վարժվել մեծ դպրոցին, ադապտացվել հարյուրավոր երեխաների հետ, բայց գիտեի, որ մենակ չեմ. հայ դասընկերներս ինձ հետ էին։ 11 տարեկան էի, երբ հայկական վարժարանն ավարտեցինք, բայց շատերի հետ կապը մինչև հիմա պահպանվել է»,- մեզ հետ զրույցում պատմեց Թերեզան։

2016թ. նա ավարտում է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի բակալավրիատը՝ փիլիսոփայություն և քաղաքականություն մասնագիտություններով։

«Միշտ սիրել եմ բանաստեղծություններ գրել, նպատակներս շարադրել, բայց երբ սկսեցի փիլիսոփայություն ուսումնասիրել, կարծես լրիվ նոր աշխարհ մտնեի։ Փիլիսոփայությունն ուսումնասիրելուց հետո ավելի ամրապնդվեց այն միտքը, որ կյանքը սև և սպիտակ չէ։ Հնարավոր է՝ բոլոր հարցերի պատասխաններն ուղղակի չկան, եթե հավատանք, որ ռացիոնալ աշխարհում չենք գտնվում։ Սկսեցի ավելի շատ ուրիշներին լսել և քիչ խոսել»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Բակալավրիատն ավարտելուց հետո Թերեզան որոշում է ուսումը շարունակել փիլիսոփայություն և  քաղաքականություն մագիստրոսական ծրագրում և ընտրում է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանը, որը կավարտի 2019թ. գարնանը։ Մագիստրատուրան ավարտելուց հետո նա ցանկանում է սովորել նաև ասպիրանտուրայում։

«Ընտրածս մասնագիտությունն այդքան տարածված չէ, դրա համար ուսանողները քիչ են, բայց այսպես ավելի լավ է։ Գրեթե ամեն օրը միասին ենք անցկացնում, քննարկումներ ենք ունենում, բանավիճում ենք նյութերի շուրջ, ինչն, ըստ իս՝ շատ կարևոր է։ Փիլիսոփայությունը տարբեր ձևերով փոխում է մարդկանց։ Փիլիսոփայություն ուսումնասիրելիս պետք է ակտիվ ու պրպտուն լինել»,- նշեց նա։

Ե՛վ Ամերիկյան համալսարանի, և՛ Ատլանտյան համալսարանի դասախոսներից Թերեզան շատ գոհ է. «Շատ են օգնում և շատ համբերատար են մեր նկատմամբ։ Հաճախ ասում են՝ եթե չեք հասկանում, մոտեցեք, խոսեք մեզ հետ, եկեք մեր գրասենյակ և բացատրեք, թե ինչն է խնդիրը։ Նաև ուրախանում եմ, որ Ամերիկյան համալսարանի փիլիսոփայության դասախոսների մեծ մասը կանայք են։ Դեռ տեսնում եմ, որ այս դաշտում կին լինելը մեկ-մեկ դժվարությունների առաջ է կանգնեցնում, որովհետև միշտ հայտնի փիլիսոփաները տղամարդիկ են եղել, բացի Սիմոնե դե Բովարիից, բայց ուրախ եմ, որ կամաց-կամաց դա փոխվում է»։

Թերեզայի խոսքով՝ համալսարանի գրադարանը կարծես իր երկրորդ տունը լինի. «Շաբաթը 6 օր գրադարանում եմ անցկացնում։ Ցավալին այն է, որ միայն իրավաբանական ֆակուլտետն ունի իր գրադարանը, իսկ մյուս ֆակուլտետների ուսանողները մի տեղում են պարապում։ Իրավաբանական ֆակուլտետի վարձավճարն ավելի թանկ է, դրա համար ավելի ընդարձակ ու լավ կահավորված գրադարան ունեն։ Ամեն դեպքում, կարևոր չէ, թե ինչքան գեղեցիկ ու թանկ է կահավորված գրադարանը, կարևորն այն է, թե ինչ աշխատանք ես կատարում այնտեղ, ինչքան ջանք ես թափում։ Շատ հին ու գեղեցիկ շենքեր ունենք Ամերիկյան համալսարանում, որը ցույց է տալիս, թե Ամերիկան ինչպիսի ճարտարապետություն ուներ 100 տարի առաջ։ Ընդհանրապես, միշտ սիրել եմ համալսարանների ձևը, շենքերը, գրադարանները, գրքերի հոտը, սուրճը ձեռքում՝ շտապող ուսանողներին…»։

Հետաքրքրվեցինք, թե օտարազգի ուսանողների հետ շփումն ի՞նչ է տալիս, բարդություններ լինո՞ւմ են։

«Երբ հարցնում են՝ ինչպես է շփումն օտարազգիների հետ, դժվարանում են պատասխանել, որովհետև այստեղ ես էլ եմ օտարազգի, Ամերիկայում բոլորն օտարազգի են։ Համալսարանում բոլորս նույնն ենք, որովհետև բոլորս պատրաստ ենք մեկս մյուսից սովորել։ Վաշինգտոնը քաղաքականացված վայր է։ Բազմաթիվ ուսանողներ կան, որ տարբեր երկրներից այստեղ են եկել, որպեսզի արևմտյան կրթություն ստանան, այստեղ կամ այլ երկրում աշխատեն։ Մշակույթներն այստեղ և՛ տարբեր են, և՛ ոչ։ Իհարկե, մարդիկ հաճույքով պատմում են, թե իրենց երկրում իրենց ծնողներն ինչ տեսակի ճաշեր էին պատրաստում, ինչ երաժշտություն են լսում, ում ազգն է ավելի շատ ուշանում, ումն է ավելի պարտաճանաչ, բայց ավելի շատ միմյանց նմանություններն ենք տեսնում։ Բոլորս տարբեր ենք, և դա մեզ միավորում է»,- ասաց նա՝ ընդգծելով՝ կարևորն այն է, որ բոլորը շատ կապված են իրենց ընտանիքների, արմատների հետ։

Վաշինգտոնի հայ համայնքը, ըստ Թերեզայի՝ համախմբված է, տարբեր միջոցառումներ են կազմակերպում. «Մի քանի շաբաթը մեկ ուսանողներն ու երիտասարդ մասնագետները միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի տեղի հայ երիտասարդները հանդիպեն միմյանց, ծանոթանան, աշխատանքի առումով օգնեն իրար։ Համալսարաններում դասախոսություններ են կազմակերպվում՝ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ։ Համալսարանները հայկական կազմակերպություններ ունեն, և միշտ բոլոր միջոցառումների ժամանակ բոլոր հայերին հրավիրում են՝ անկախ նրանից, թե որ համալսարանում է միջոցառումը»։

«Շատ ուսանողներ սովորում են, որ վերադառնան՝ իրենց երկիրը զարգացնեն, բայց շատերն են ուզում Ամերիկայում աշխատել և այստեղից օգնել իրենց երկրին։ Ես ավարտելուց հետո վերադառնալու եմ Հայաստան և ստացածս գիտելիքները փոխանցեմ հայ ուսանողներին»,- եզրափակեց Թերեզան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս