81-ամյա Դևիդ Հոքնիի նկարը ռեկորդային 90,3 մլն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում
Անգլիացի նկարիչ, գծանկարիչ եւ լուսանկարիչ Դեւիդ Հոքնիի «Նկարչի դիմանկարը (Լողավազան երկու կերպարանքով)» նկարը 90,3 միլիոն դոլարով վաճառվել է նոյեմբերի 15-ին Նյու Յորքում Christie՚s-ի կազմակերպած աճուրդում: Դա ռեկորդային գին է ներկայում ապրող նկարչի գործի համար: Այս մասին հաղորդվում է աճուրդային տան Twitter-ում: Հոքնիի նկարի գնահատման արժեքը կազմում էր 80 միլիոն դոլար:
«Նկարչի դիմանկարը» ստեղծվել է 1972 թվականին Նյու Յորքի ցուցահանդեսի համար: Այն ժամանակ նկարը վաճառել էին ընդամենը 18 հազար դոլարով: Նկարում պատկերված է երկու տղամարդ. մեկը գտնվում է լողավազանի եզրին, մյուսը՝ ջրի տակ: Թե ով է նկարն աճուրդի դրել, պաշտոնապես չի ճշտվել: Գնորդի անունը չեն հայտնում:
81-ամյա Դեւիդ Հոքնին, որը երկար ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում, համարվում է ամենասիրված բրիտանացի նկարիչներից մեկը, որոնք հայտնի են իրենց յորքշիրյան բնանկարներով եւ կալիֆոռնիական կյանքի պատկերներով: Նա 1960-ական թվականների փոփ-արտի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկն է:
1990 թվականին գեղանկարիչը հրաժարվել է իրեն առաջարկված ասպետական տիտղոսից: 2012 թվականին դարձել է «Վաստակի համար» շքանշանի ասպետ, որի պարգեւատրումը միապետի անձնական առանձնաշնորհն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: