«Մասնակցելով ընտրություններին՝ ՀՀԿ-ն իրեն մեծ փորձության է ենթարկում». Ռազմիկ Մարտիրոսյան
ՀՀԿ անդամ, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Հանրապետական կուսակցության հնարավորություններին՝ նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցելով այս ընտրություններին՝ իրեն մեծ փորձության է ենթարկում, քանի որ նրա վրա կլինեն բազմաթիվ հարվածներ բոլոր կողմերից:
«Ինքս՝ լինելով ՀՀԿ անդամ, այս ընտրություններից որևէ ակնկալիք չունեմ։ 1998 թվականից ինքս Հանրապետական կուսակցության անդամ եմ, իմ անձնական նպատակն է եղել՝ ապահովել կուսակցության ժառանգականությունը, այն դարձնել արդիական կուսակցություն, քանի որ այս տարիների ընթացքում, ցավոք, այն կուտակել է լուրջ խնդիրներ։ Ուրախ եմ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 11-ին վերջապես սկսեց իր ինքնամաքրումը, սա շատ կարևոր սկիզբ էր, բայց ուշացած. այս ընտրություններում ավարտին չի հասցնի այն գործընթացները, որոնք տեղի են ունենում կուսակցության ներսում»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը։
Ըստ նրա, որպես ժառանգականության կրող՝ Հանրապետական կուսակցությանը շատ կարևոր է։
Ինչ վերաբերում է ներկայիս կառավարությանը, ապա Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակության մեջ հերթական անգամ ձևավորվել են մեծ սպասելիքներ, քանի որ տարիներ շարունակ հասարակությանը ներշնչել են այն գաղափարը, որ, եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա ամեն ինչ լավ է լինելու։
«Իշխանափոխությունից հետո տեսանք, որ հասարակությունը հայտնվել է նույն իրավիճակում, ինչպես նախկինում էր։ Հասարակությանը պետք է տրվեն գաղափարներ, գիտելիքներ, որպեսզի չառաջնորդվի միայն այլաբանություններով։ Բոլոր ընտրություններից հետո կուսակցությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը ժողովրդի հետ, որովհետև նրանց խնդիրն իշխանություն վերցնելն է կամ խորհրդարանում մի քանի պատգամավոր ունենալը։ Մեր կուսակցությունների համար պետությունն ու հասարակությունը չեն դարձել ամենօրյա աշխատանք»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կուսակցությունների գերխնդիրը չպետք է լինի միայն դեկտեմբերի 9-ը։
Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ այսօր հասարակությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ որևէ սոցիոլոգ չի կարող կանխատեսում անել, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ով ինչ տոկոսներ կհավաքի.
«Այսօր մարդկանց հետաքրքրում են անձերը, այլ ոչ թե՝ նրանց գաղափարներն ու ծրագրերը»,- եզրափակեց Ռ. Մարտիրոյսանը։
Զվարթ Խաչատրյան