
Սթեն Լին հասցրել է նոր գերհերոս ստեղծել մահվանից առաջ. TMZ

Գրող եւ պատկերապատումների հեղինակ Սթեն Լին մահվանից առաջ հասցրել է նոր գերհերոս ստեղծել իր դստեր՝ Ջոան Սելիա Լիի համահեղինակությամբ: Այդ մասին հայտնել է TMZ լրատվական պորտալը՝ վկայակոչելով գրողի դստերը: Պորտալի տվյալներով՝ նոր գերհերոսն ստացել է «Ցեխի մարդ» անունը:
Ինչպես պատմել է գրողի դուստրը, հերոսին մտահղացել է ինքը, բայց Սթեն Լին իրեն օգնել է զարգացնել այդ գործող անձին: Նա նշել է, որ իրենց համատեղ աշխատանքը շարունակվել է ընդհուպ մինչեւ իր հոր վերջին օրերը: Ջոան Սելիա Լին չի բացահայտել նոր հերոսի պատմության մանրամասնություններն ու նրա գերընդունակությունները, բայց նշել է, որ դրանք «շատ հետաքրքիր են»:
Ամերիկացի պատկերապատող նկարիչ Սթեն Լին մահացել է նոյեմբերի 12-ին 95 տարեկան հասակում: Գրող, խմբագիր եւ սցենարիստ Սթեն Լին հայտնի էր որպես պատկերապատումներ ստեղծող, այդ թվում՝ «Սարդ մարդու» (Spider-Man), «Իքս մարդկանց» (X-Men), «Երկաթե մարդու» (Iron Man) մասին: Նա աշխատել է գլխավոր խմբագիր, հրատարակիչ, իսկ հետագայում զբաղեցրել է Marvel Comics ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: