Մուտք է գործել տուն, ննջասենյակի պահարանից հափշտակել 4 391 640 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Նորքի Այգիներ թաղամասի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրն իրենց տանից հափշտակել են իր կնոջ ոսկյա զարդերը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով տան նկուղային հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, ապօրինի մուտք է գործել տուն, ապա ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 4 391 640 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով՝ գողություն: Տանտիրոջ կինը ճանաչվել է տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կամ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: