Ինչ են ակնկալում ՌԴ-ում և Եվրոպայում Հայաստանի ընտրական գործընթացներից
Մինչ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախապատրաստական աշխատանքների վերջին շտկումներն են իրականացնում, ցուցակները ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, օտարերկրյա քաղաքական վերլուծաբանները մեծ հետաքրքրությամբ հետևում են գործընթացներին` փորձելով հասկանալ, թե ինչպիսին է լինելու խորհրդարանն ընտրություններից հետո, և հատկապես ինչպիսի արտաքին քաղաքական առաջնահերթություններ է ունենալու Հայաստանի Հանրապետությունն ակտիվ ներքաղաքական զարգացումներից հետո:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ մեկի համար անակնկալ չեն լինելու, քանի որ ներկայումս և դեռևս մի որոշ ժամանակ ՀՀ ներկայիս իշխանությանն ու ներկայիս ղեկավարին այլընտրանք չի դիտարկվելու հասարակության կողմից, քանի որ նախկին իշխանություններից առկա դժգոհությունը բավականին խորն է եղել: Եվ, նրա որակմամբ, այդ դժգոհություններով էր պայմանավորված նաև Փաշինյանի, այսպես կոչված, հաջողությունը: Ուստի, Սկակովի համոզմամբ, առաջիկա ԱԺ ընտրություններին, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, հասարակության մեծ մասն իր քվեն կտա ՀՀ ներկայիս վարչապետին ու նրա կուսակցությանը: «Դա այս պահին պարզից էլ պարզ է, ներքաղաքական զարգացումներն այդ մասին են փաստում: Այլ լիդերներ չեն դիտարկվում»,- ասաց Սկակովը:
Նրա կարծիքով, իշխող կուսակցությունը կստանա մեծամասնություն, իսկ մնացած ուժերն էականորեն քիչ ձայներ կստանան: «Դժվար է ասել՝ կանցնի՞ արդյոք Հանրապետական կուսակցությունը խորհրդարան, թե՞ ոչ, քանի որ հասարակական տրամադրություններն այս առումով որևէ հույս չեն ներշնչում: Փաշինյանն է կարողացել «բռնել» այդ բողոքական ալիքը՝ ստվերում թողնելով մյուս ուժերին, որոնք նույնիսկ կարող էին լավ տոկոսներ ստանալ առաջիկա ընտրություններում»,- նկատեց Սկակովը:
Խոսելով ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացումների և այս ընտրական նախապատրաստությունների շրջանում որոշ կուսակցությունների կողմից հնչող հակառուսական քաղաքական գնահատականների մասին` Սկակովն ասաց, որ անկախ այդ հայտարարություններից, անկախ այն հանգամանքից, որ այդ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ պատահում են փոխըմբռնման սխալներ, հայ-ռուսական գործընկերային հարաբերություններին այլընտրանք չկա:
Սկակովի կարծիքով, քաղաքական ուժերը պետք է ելնեն իրողություններից, և եթե կան սխալներ, խոսեն դրանք ուղղելու ելքերի մասին, քանի որ, նրա պնդմամբ, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հարկավոր է առաջին հերթին Հայաստանին, քանի որ ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում ոչինչ չի անի ԼՂ հակամարտության հարցում: «Եթե կան այլ գաղափարներ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված, և դրանք կարող են լինել էլ ավելի արդյունավետ Հայաստանի անվտանգության և տարածաշրջանի համար, ապա կարող են իրականացնել, Ռուսաստանը նորմալ է վերաբերվում դրան»,- նկատեց Սկակովը:
Մեզ հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը:
Ըստ նրա, Եվրոպայում մասնավորապես հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում: Զաշտովտի խոսքով, այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են տեղի ունենում, մշակվում, և այլն:
«Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի, հետաձգումներ չլինեն, քանի որ դրանք կարող են կիսատ թողնել սկսված կարևոր գործընթացները Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Եվրամիության համար կարևոր են ժամկետները, դրանց պահպանումը, երբ դրանք խախտվում են, լուրջ խնդիրներ են առաջանում: Հուսանք, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա»,- ասաց Զաշտովտը:
Նա համամիտ է իր ռուս գործընկերոջ հետ, որ առաջիկա ընտրություններում կհաղթանակի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում վարկանիշը շարունակում է բարձր մնալ, քանի որ Հայաստանում դեռ տեղ ունեն էյֆորիկ տրամադրությունները: «Իշխանությունները հայտարարում են բարեփոխումներ իրականացնելու մասին, դա հույս է ներշնչում, որ կյանքում փոփոխություն է լինելու:
Քանի դեռ չկա հիասթափություն, վարչապետի վարկանիշը լինելու է բարձր: Ուստի առաջիկա ընտրություններում նա առաջատար է լինելու: Բայց քաղաքական դաշտի կենսունակության համար հարկավոր է առողջ ընդդիմություն, որի դերը ստանձնելու համար, ինչպես տեսնում եմ, պայքար է ընթանում: Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն: Սակայն չեմ կարծում, թե ստանա շատ ձայներ»,- նման կարծիք հայտնեց Կոնրադ Զաշտովտը:
Նրա խոսքով, արմատական հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ևս տեղ չեն գտնի ապագա խորհրդարանում, քանի որ սխալ քաղաքականություն են կառուցում՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության վրա: «Հայաստանը ներկայումս ներքին բավական լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և տրամաբանական է, որ քաղաքական ուժերը՝ զգալով պատասխանատվությունը, լուրջ ուշադրություն պետք է դարձնեն իրենց ներքաղաքական ծրագրերին, այսօր հասարակությունը դրան ուշադրություն կդարձնի, քանի որ կա ծրագրերի պակաս, իսկ հասարակությանն այսօր հետաքրքրում են արդյունքները, արագ բարեփոխումները, կյանքի որակի բարելավումը, որը զգալի կլինի իրենց կյանքում: Իսկ արտաքին քաղաքական արմատական դիրքորոշումները լավ արդյունքի չեն հանգեցնի հատկապես հայ-ռուսական անվստահության պայմաններում»,- նշեց Զաշտովտը:
Ըստ նրա՝ ընտրություններից հետո ավելի տեսանելի կլինեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
«Այս փուլում ամեն ինչ հասկանալի չի եղել, սխալներ ևս եղել են, դժգոհություններ Հայաստանի ներսում ևս կան: Գուցե դրանք պայմանավորված են այն փուլով, որում Հայաստանն էր, ՀՀ իշխանությունների փորձի բացակայությամբ:
Սակայն կարևոր է, որ ընտրություններից հետո լուրջ աշխատանք իրականացվի՝ արտաքին քաղաքական վեկտորները հստակեցնելու ուղղությամբ, քանի որ բոլորն ունեն սպասելիքներ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ոչինչ չի փոխվել, սակայն նաև այդ գիծը կասկածի տակ առնող քայլերի են դիմում:
Անձամբ կարծում եմ, որ փոփոխություններ արտաքին ոլորտում ընտրություններից հետո չեն լինելու, սակայն այս ուղղությամբ լուրջ աշխատելու կարիք կա՝ անցանկալի սխալներից խուսափելու նպատակով: Ինքս այն կարծիքին եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները որոշակի վերանայման կարիք ունեն, բայց դրանց բովանդակությունը չի կարող փոխվել, քանի որ Եվրոպան կամ Արևմուտքն ընդհանուր առմամբ այս տարածաշրջանում չեն կարող ստանձնել այն դերակատարությունը, ինչ Ռուսաստանն է ստանձնել»,- ասաց նա: