«Ընդդիմություններն են գնում, ընկնում իշխանության գրպանը, ոչ թե իրենց բերում են»

Հարցազրույց ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ

– Պարոն Մելքումյան, հիմնական քաղաքական ուժերն ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն իշխանություն է կազմելու ԱԺ-ում, հետևաբար՝ մյուս ուժերն ընդդիմություն են լինելու: ԲՀԿ-ն ի՞նչ հարցերում է ընդդիմադիր Փաշինյանին:

– Ես՝ որպես պրագմատիկ քաղաքական գործիչ և որոշակի փորձառություն ունեցող, ինձ իրավունք չեմ վերապահում եղանակի կանխատեսումներ անել բացարձակ տոներով: Ընտրություններից առաջ կոռեկտ չէ կանխորոշել արդյունքները: Դա կնսեմացնի այդ արդյունքները: Քաղաքագիտական առումով միայն ընտրությունները կարող են այդ հարցի վերջնական պատասխանը տալ: Իհարկե, մենք նաև ռեալիստ ենք և զգում ենք, թե ինչ գործոններ կան, բայց դրա մասին ընտրություններից առաջ պատեհ չեմ համարում խոսել:

– Ամեն դեպքում, այս պահի դրությամբ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, քանի որ կառավարության մաս չէ: Ըստ այդմ՝ դիրքորոշումների ի՞նչ տարբերություն կա:

– Նախընտրական փուլում կարևոր է, որ լինի ծրագրային և գաղափարական պայքար: Այն, ինչ եղավ Երևանի ավագանու ընտրություններում, ծրագրային պայքար չէր: Մի փոքր համբերենք, երբ մեր ծրագրերը կհրապարակվեն, հստակ կերևա, որոշակի համընկնումներ էլ կլինեն, տարբերություններ էլ կլինեն: Օրինակ՝ մենք կարծում ենք, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, ձևերը, թե ինչպես հասնել դրան, կարող են տարբեր լինել:

Օրինակ՝ միկրոբիզնեսի շեմը որոշակի գումար է սահմանված, բայց 50 հազար դրամի շահույթը լավագույն դեպքում 3000-5000 դրամ է: Այդ պայմաններում նույնիսկ բանվորը չի աշխատում: Այսինքն՝ այստեղ ճիշտ հաշվարկներ պետք է կատարել, մարզերը, ոլորտները ֆիքսել, որը այսօր չեմ տեսնում: Կամ՝ հունվարի 1-ից շրջանառության հարկը պետք է 115 մլն դրամից իջնի 58.35 մլն, որը վերջնական հիմնավորված չէ, որովհետև ներկայումս ընթացող տնտեսական փաստաթղթավորման շղթան չի ավարտվել: Այդ պայմաններում 60 հազար սուբյեկտ չի կարող աշխատել, ու արդյունքում՝ կփակվեն:

Քաղաքական առումով, օրինակ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին մենք կողմ էինք, երկրում բազմակուսակցական համակարգը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, հակակոռուպցիոն պայքարը, մոնոպոլիաներ չլինելը, դատական անկախ համակարգն ընդհանուր դրույթներ են, որոնք կարող են բավականին համընկնումներ ունենալ, բայց դրան հասնելու ձևերը՝ կոշտ թե մեղմ մեթոդներ, կարող են տարբեր լինել:

– «Ասֆալտին փռե՞լ», թե՞ «չփռել»:

– Ես այդպես չէի արտահայտվի: Խնդիր է նաև ներդրումային գրավչության աճը: Պարոն Ծառուկյանը մեծ տեխնոլոգիական քաղաքներ է կառուցում՝ տեքստիլ, ոսկերչության, բիտկոին, բլոկչեին և այլն, նաև մեր քաղաքական ուժի առանձնահատկությունն է՝ ուժի ղեկավարի գործերով ցույց տալ, որ Հայաստան ներդրումներ բերելը կարելի է կյանքի կոչել՝ անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն: Հաջորդը՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, բայց առավելություններից չենք օգտվում: Պետք է կարողանալ, հաշվի առնելով Արևմտյան երկրների սանկցիաները, Հայաստանը դառնա կամուրջ՝ ներգրավելով օրինական սխեմաներով մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ, և ՀՀ-ի միջոցով կգնան դուրս, կամ կիրացվեն:

Այսինքն՝ լայն ցանկությունները նույնն են, բայց թե ինչպես հասնել դրան, գործիքները կարող են տարբեր լինել:

– Հանրապետականներն ասում են, որ այս 6 ամսվա ընթացքում Փաշինյանի գործունեության միակ քննադատողը իրենք են եղել և իրենք են իրական ու միակ ընդդիմությունը: Ի՞նչ կհակադարձեք:

– Գիտեք, եթե մի ուժ, որ 20 տարի եղել է իշխանական, և այսօր թռնում է ընդդիմության շքերթի մեջ առաջին տեղ զբաղեցնելու, դրա համար ոչ մի նախապայման չկա: Եթե այն եղել է չսիրված իշխանություն, նաև լինելու է չսիրված ընդդիմություն: Քաղաքականությունը շրջափուլեր ունի, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի որոշակի չեզոք կարծիք ձևավորվի: Դեռ այնքան շուտ է, որովհետև առաջին հերթին՝ ընդդիմությանը ժողովուրդը պետք է սիրի: Էդ ո՞ւմ ընդդիմությունն է ինքը: Իշխանության, չէ՞: Բա եթե ժողովուրդը քեզ չի ընդունում երեկ կամ այսօր, ի՞նչ է, պետք է հիմա էլ լինես ժողովրդի կողմից չսիրված ընդդիմությո՞ւն: Դա տարօրինակ չի՞: Այսինքն՝ ընդդիմություն ես, որ որևէ մեկը չի աջակցություն քեզ: Պետք է ժամանակ անցնի, որ ինքը վերաիմաստավորի, և այլն: Դա այդպես չի լինում:

– Իսկ գրպանային ընդդիմություն ունենալը Հայաստանին սպառնո՞ւմ է:

– Կարծում եմ՝ ոչ: Ժողովրդավարական ինստիտուտների պայմաններում, երբ կան ազատություններ, դա չի լինում: Գիտեք, ընդդիմություններն են գնում, ընկնում իշխանության գրպանը, ոչ թե իրենց բերում են: Կարող է խնդրեն, որ գնան ու գրպանային դառնան: Բայց դա նրանք են, որ ռեսուրս չունեն, սնվել են իշխանությունից: Անընդհատ իշխանությունն է նրանց շրջանցիկ ճանապարհներով ֆինանսավորել, իշխանական ԶԼՄ-ներն անընդհատ ցույց են տվել, PR արել: Նույնը վերաբերում է առանձին գործիչներին, որ գնացել, թոշակներ են ստացել Բաղրամյան 26-ի տնտեսական մուտքից:

– Այսինքն, վստահ եք, որ, եթե «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն լինի, գրպանային չի՞ դառնա:

– «Բարգավաճին» իշխանական ռեսուրսն ինչի՞ է պետք: «Բարգավաճն» այնքան ռեսուրս ունի, որ իրեն որևէ մեկի գրպանը պե՞տք է: Պարոն Ծառուկյանի առկայության պայմաններում ինչ-որ մեկին պե՞տք է դա: Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս