Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում
Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։
Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը մոտ 1 մլն մարդ է։ Այդ թվում՝ վարձու աշխատողների թիվը՝ մոտ 600 հազար։ Համադրելով Նիկոլ Փաշինյանի՝ Աստանայում և դրանից 2 շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթները՝ կարելի է հասկանալ, որ նա նկատի ուներ մասնավոր հատվածում ներգրավված վարձու աշխատողներին (եկամտային հարկ վճարողների), որոնց թիվը մոտ 340 հազար է։
Ավելի խրթին է հասկանալ 800 հազար հոգու մասին հայտարարությունը։ Արդյո՞ք դրա մեջ մտնում են թոշակառուները։ Սակայն ակնհայտ է, որ վարչապետը նկատի ուներ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությանը, որոնց մեջ թոշակառուներն ու անչափահասները չեն մտնում։
Որպեսզի առավել հասկանալի լինի, մենք պաշտոնական վիճակագրության հիման վրա կազմել ենք մի գծապատկեր, որը պարզ ցույց է տալիս, թե ինչ շերտերից է կազմված մեր բնակչությունը։
Այսպես, Հայաստանի մոտ 2.9 մլն մշտական բնակչությունը բաժանվում է պայմանական 2 մեծ խմբի՝ աշխատանքային ռեսուրսներ (2 մլն 19 հազար մարդ), և աշխատանքային ռեսուրս չհամարվող բնակչություն՝ թոշակառուներ, անչափահասներ, անաշխատունակներ և այլն (մոտ 900 հազար մարդ)։
Աշխատանքային ռեսուրսներն իրենց հերթին՝ բաժանվում են 2 խմբի՝ տնտեսապես ակտիվ բնակչություն (կամ աշխատուժ) և տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն (աշխատուժից դուրս գտնվող մաս)։
Տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 1 մլն 298.5 հազար է, որից 1 մլն 90.3 հազարը զբաղված են՝ աշխատանք ունեն, 202.5 հազարը՝ գործազուրկ։ Նշենք, որ այս ցուցանիշները վերաբերում են 2018 թվականի երկրորդ եռամսյակին։ Դրանք ներկայացված են, այսպես կոչված, նախկին մեթոդաբանությամբ։ Նոր մեթոդաբանությամբ՝ գործազուրկների թիվը մոտ 236 հազար է։ Սակայն այս դեպքում գծապատկերի նպատակը զուտ այս տարանջատումը ցույց տալն է։ Բացի այդ, հետո կխոսենք նաև տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մասին առավել մանրամասն, և տվյալների համադրելիությունը ապահովելու համար նշել ենք հին մեթոդաբանությամբ ստացված տվյալները։
Հիմա գանք տնտեսապես ոչ ակտիվ կամ աշխատուժից դուրս գտնվող բնակչությանը։ Սրանք այն մարդիկ են, որոք աշխատունակ են, աշխատանք չունեն և, ամենակարևորը՝ չեն էլ փնտրում (եթե փնտրեին, կհաշվառվեին տնտեսապես ակտիվ բնակչության մեջ՝ որպես գործազուրկ)։ Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 2018 թվականի երկրորդ եռամսյակում 726.2 հազար է (նոր մեթոդաբանությամբ՝ 846 հազար)։ Այս թվի մեջ մտնում են տնային տնտեսուհիները, արտերկրից ստացված օգնությամբ ապրողները և այլք։ Նշենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 2017 թվականի վերջին մոտ 800 հազար էր։
Հենց այս մարդկանց նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կառավարության խնդիրն է՝ այնպես անել, որ մարդիկ այդ 800 հազարից անցնեն դեպի 350 հազարանոց աշխատողների խումբ։
Իսկ ինչու այս մարդիկ չեն տեղափոխվում աշխատողների խումբ՝ ինչու չեն աշխատում և չեն էլ ցանկանում աշխատանք փնտրել։
Վիճակագրական կոմիտեն նաև դա է թույլ տալիս հասկանալ։ Մասնավորապես, ՎԿ-ն պարբերաբար հրապարակում է «Հայաստանի կանայք և տղամարդիկ» կոչվող զեկույցը, որտեղ առանձին նշվում են տնտեսապես ոչ ակտիվ բնակչության՝ չաշխատելու պատճառները։ Ամենաթարմ զեկույցը հրապարակվել է մի քանի օր առաջ և ներկայացնում է 2017 թվականի տվյալները։
Ինչպես տեսնում եք, ըստ պաշտոնական տվյալների, 777 հազար տնտեսապես ոչ ակտիվ մարդկանց մեծ մասը՝ 194 հազարը, չեն աշխատում ընտանեկան հանգամանքների պատճառով։ Ինչպես և կարելի էր սպասել, այս խմբի մեջ առյուծի բաժինը՝ 192 հազարը, կանայք են (մեկը երեխա է պահում, մյուսին ամուսինը թույլ չի տալիս աշխատել, և այլն)։
123 հազար հոգին չեն աշխատում և աշխատանք չեն փնտրում հիվանդության և հաշմանդամության պատճառով։ Այսինքն, նրանք հիվանդ կամ հաշմանդամ լինելով՝ համարվում են աշխատունակ, սակայն համարում են, որ ի վիճակի չեն աշխատել։
142 հազար տնտեսապես ոչ ակտիվներին խանգարում է ուսանող կամ սովորող լինելու հանգամանքը։
36 հազար հոգին աշխատանք չեն փնտրում, քանի որ գտնվում են արտերկրում կամ պատրաստվում են մեկնել։ Այս թվի մեջ մտնում են հիմնականում սեզոնային աշխատանքի մեկնողները՝ դրսում աշխատողները։
170 հազար հոգին այլ պատճառներ են նշել։
Սակայն կառավարության տեսանկյունից ամենամտահոգիչն այն մարդիկ են, որոնք աշխատանք գտնելու հույսը կորցրել են (պաշտոնական վիճակագրությունը նրանց անվանում է հուսազուրկներ)։ Այս մարդկանց թիվը 2017 թվականին եղել է 111 հազար։ Ընդ որում, հուսազուրկների թիվը վերջին տարիներին գնալով աճել է՝ 2016 թվականին 104 հազար էր, 2015 թվականին՝ 100 հազար։
Այսինքն, եթե պետությունը ցանկանում է խրախուսել, որ մարդիկ աշխատեն և թեթևացնեն աշխատողների ընդհանուր բեռը, պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնեն հենց այս խմբի վրա՝ վերականգնեն վստահությունը, որ Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել՝ առանց խնամի-ծանոթ-բարեկամի կամ քաղաքական հանգամանքների միջոցով։
Ճիշտ է՝ ուսանողներին կամ տնային տնտեսուհիներին էլ կարելի է քաջալերել աշխատանքի, սակայն այդ գործընթացն ավտոմատ տեղի է ունենում. այսօր շատ ուսանողներ, սովորելուն զուգահեռ՝ աշխատում են, իսկ կնոջն աշխատել արգելող ամուսինների թիվը նվազում է։ Սակայն ամենակարևորը, կրկնենք, մարդկանց հույսը վերականգնելն է, որը պետք է լինի ոչ թե հայտարարություններ անելով, այլ կոնկրետ գործողություններով։