«Զինծառայողների ներքնաշորերի որակը բարձրացել է, բայց նրանք պետք է լվանան դրանք կամ վստահեն լվացքատներին». Դավիթ Տոնոյան
«Դա ավանդույթ է, չեմ կարծում, թե ընդհանրապես կարելի է արգելել ծնողներին՝ իրենց երեխաներին որևէ բան ուղարկել։ Տատիկի, մայրիկի կողմից պատրաստված քաղցրավենիքներ ուղարկելը ԽՍՀՄ-ի ժամանակ էլ է եղել, ԱՄՆ-ում էլ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ծնողների կողմից զինվորներին ուղարկվող կապոցներին։
Ըստ Տոնոյանի՝ դա չի նշանակում, թե դրանով զինծառայողների սննդի խնդիրն են լուծում. «Մենք իրականում շատ մեծ քայլերի ենք գնում հիմա։ Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ սննդի կազմակերպման հարցում գնալու են աութսորսինգի, այսինքն՝ սնունդը կազմակերպելու են մասնավոր կազմակերպություններ, և զինծառայողներն ազատվելու են խնդիրներից։ Փորձելու ենք արագ անցնել այդ ճանապարհը, ընտրության մեջ է, թե որ կազմակերպությունները կսկսեն անել»։
Ինչ վերաբերում է զինվորականներին տրվող ներքնաշորերին, նա ասաց, որ սեղմ ժամկետում կտրուկ որոշումներ են կայացվել, որպեսզի լավագույն արտադրողները որակյալ ներքնաշորեր սկսեն արտադրել. «Առաջին խմբաքանակն արդեն մեր պահեստներում է, որը կտրուկ տարբերվում է երբևիցե ՀՀ ԶՈւ-ում ստացված ներքնաշորերից։ Կրճատվել է նորմացույցներով հատկացվող թվաքանակը, բայց բարձրացվել է որակը. Մեր զինծառայողներն արդեն պետք է լվանան իրենց շորերը կամ վստահեն լվացքատներին։ Եթե չլվանան, սկսելու են տնից ուզել, բայց իր պարտավորությունները պետությունը կատարում է»։