«Եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը». Դավիթ Տոնոյանը՝ ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսին  անդրադարձավ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարին՝ ընդգծելով, որ դա մեծ ողբերգություն էր բոլորի համար, և իր ցավակցությունը հայտնեց:

Նա ասաց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է` ըստ հնարավորությունների, մատակարարումների ժամկետների մեջ, և առաջնահերթությունը` անձնակազմի տեղափոխումները, ապահովման ծառայությունների ուշադրության կենտրոնում են:

«Ինչ է պատահել կոնկրետ, նախաքննության արդյունքում պարզ կլինի, ծառայողական քննությունն իրականացվում է արդեն վեցերորդ օրը, և այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: Ինձ համար արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական, քանի որ ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր ևս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայինը, որը շրջվել է: Այսինքն՝ եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ առաջացած այն հարցադրումներին, թե ինչու են ժամկետայինները վարում մեքենաները, և հետևյալն ասաց. «Ժամկետային զինծառայողները, անցնելով համապատասխան պատրաստության, միգուցե ոչ պատշաճ մակարդակի, բայց նրանք բավականին փորձառու զինծառայողներ են եղել, պատրաստված, ընդ որում, լավագույններից մեկն է զոհվել»։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մեքենաների թիվը և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավելու մեքենավարմանն անհամաչափ է, իսկ ժամկետայիններով կարողանում ենք խնդիրը լուծել, և դրա համար նրանցով լրացնում են բացը: Դավիթ Տոնոյանն ասաց, որ դա միշտ է եղել և դրանից ձերբազատվել դեռ չեն կարող մոտակա ժամանակներս:

«Ծառայողական քննության արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարը որոշումներ է կայացնելու, գլխավոր շտաբն իր որոշումները կայացնելու է իրեն վերաբերող մասով, որից հետո կսպասենք նախաքննության ավարտին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս