Բաժիններ՝

«Այս բյուջեն այն չէ, ինչ մենք ակնկալում էինք կառավարության կողմից». Գագիկ Մինասյան

Այսօր Ազգային ժողովի միանգամից 2 հանձնաժողովներ՝ Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, դրական եզրակացություն տվեցին 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծին։ Այն ներառվեց վաղը մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում։

Ուշագրավ է, որ 2 հանձնաժողովներում էլ նախագիծը, ըստ էության, չքննարկվեց, պատգամավորները հարցեր չհնչեցրեցին։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կարևորեց ծրագրային բյուջետավորման ներդրումը, նաև շնորհակալություն հայտնեց ԱԺ բյուջետային գրասենյակին՝ կատարած աշխատանքի համար։

«Որևէ երկրում իշխանության որևէ թևին միայնակ չի կարող հաջողվել այսպիսի համակարգի ներդրումը»,- ասաց Ա.Ջանջուղազյանը՝ հավելելով, որ այս ձեռքբերմամբ չեն բավարարվելու, և դեռ շատ աշխատանք կա անելու։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ ծրագրային բյուջետավորման սկիզբը դրվել է 15 տարի առաջ, ավարտին հասցվել վերջին 5 տարում։ Ըստ նրա՝ հենց ծրագրային բյուջետավորումն է, որ թույլ է տալիս բյուջեն զերծ պահել փոշիացումից ու կոռուպցիոն ռիսկերից։

«Այս բյուջեն այն չէ, ինչ մենք ակնկալում էինք կառավարության կողմից, մի կառավարության, որը գարնանը ներկայացրեց իր գործունեության ծրագիրը։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, պետք է դրական եզրակցություն տանք այս բյուջեի նախագծին մի պարզ պատճառով, որ համոզված եմ, որ պետք է թողնենք նոր կառավարությանը, նոր խորհրդարանին արդեն իսկ հաստատված բյուջեով»,- ասաց Գ.Մինասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս