Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կոչ է արել Եվրոպան դարձնել «կայսրություն»
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ է արել Եվրոպան դարձնել «կայսրություն»՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նմանությամբ: Այդ մասին նա հայտարարել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ այդ «կայսրությունը» պետք է լինի խաղաղասեր տերություն, որը հիմնվում է իրավական պետության սկզբունքների վրա: «Եվրոպան այլեւս չպետք է սարսափի իր իշխանությունը գործադրելուց»,-հայտարարել է նախարարը: Ընդսմին նա շեշտադրել է Իրանի նկատմամբ «անօրինական» ամերիկյան պատժամիջոցներից Եվրամիությունը պաշտպանելու եւ «Դոնալդ Թրամփի կառավարության ճանապարհին կանգնելու» անհրաժեշտությունը: «Այստեղ խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ին հստակորեն ասվի. «Մենք ինքնիշխան աշխարհամաս ենք եւ ինքնուրույն ենք որոշում՝ ում հետ առեւտուր անել»,-հավելել է լե Մերը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել ԱՄՆ-ից անկախ «համաեվրոպական բանակ», այդ թվում՝ կիբեռանվտանգության համար: Նա ընդգծել է, որ Եվրոպան բախվում է իր ներքին դեմոկրատական գործընթացներին եւ կիբեռտարածքին միջամտելու բազմաթիվ փորձերի: Թրամփը «խիստ վիրավորական» է որակել Ֆրանսիայի պաշտոնակցի նախաձեռնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: