«Աշխարհը սպասում է Հայաստանի մեջ տեսնել արդարություն, օրենք, կանոն, պետական դրություն». Կարո Քեբաբջյան
Հարցազրույց Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի հետ
– Պարոն Քեբաբջյան, հայ-լիբանանյան հարաբերությունների մակարդակն ինչպիսի՞ն է այսօր, և զարգացման ի՞նչ հեռանկար եք տեսնում։
– Հայաստանի և Լիբանանի հարաբերություններն առաջին օրից ամենամոտն են եղել, ՀՀ անկախությունից հետո Լիբանանն այն պետությունը, ժողովուրդը և գաղութն է, որ ամենարագը և առաջինն է օգնության ձեռք մեկնել թե՛ Ղարաբաղի, թե՛ երկրաշարժի ժամանակ, որովհետև շատ մոտ ենք։ Այսօր մեծ հոսք կա Լիբանանից դեպի Հայաստան, վերջերս 400 ընտանիք տեղափոխվել են Հայաստան։ Հարաբերությունները շատ մտերմիկ են, բայց մեզ չեն բավականացնում, պետք է նաև բիզնեսի ոլորտում աշխատանքներ տանենք։ Եվ արդեն մի քանի մեծ ընկերություններ Հայաստանում սկսել են մասնաճյուղեր ստեղծել և աշխատանքներ տանել։ Այսինքն՝ պետք է ավելի լավ լինի։ Վերջին տարիներին 60-ից ավելի միջպետական համաձայնագրեր են ստորագրվել, որոնք բոլորովին չեն օգտագործվել։ Պետք է հիմա նոր էջ բացվի, և շատ արագ ներդրումներ կատարվեն Լիբանանից դեպի Հայաստան։
– Ի՞նչն է եղել խնդիրը, որ այդ համաձայնագրերը չեն աշխատել։
– Դա երկկողմանի է, այսինքն՝ մարդիկ Հայաստանում պետք է ծանոթություն ունենային, Հայաստանում գործելը հեշտ չէր, ոչ էլ հիմա է հեշտ։ Մարդիկ պետք է լինեն, որոնք իսկապես իրենց ժամանակը տրամադրեն, ճիշտ ձևով աշխատանք տանեն, որ ներդրումներ կատարելու ժամանակ սխալներ թույլ չտրվեն, վնասներ չլինեն։ Ներդրումները շատ կարևոր են, և ներդրողները պետք է 100 % ապահով զգան իրենց, և իշխանությունը պետք է քայլեր անի այդ ուղղությամբ։
– Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ի՞նչ իրավիճակ է ներդրողների համար՝ վստահությունն ավելացե՞լ է, թե՞ պակասել։
– Աշխարհը սպասում է Հայաստանի մեջ տեսնել արդարություն, տեսնել օրենք, կանոն, պետական դրություն։ Այսօր ներդրողները գնում են այն երկրներ, որտեղ միջավայրը բարենպաստ է, օրինակ՝ Սինգապուր, Իսրայելում հարկեր չեն վերցնում 10 տարի, անվճար ծառայություններ են մատուցում, օգնում են, տեղեկատվություն են տրամադրում։
– Հայաստանում միջավայրը բարենպաստ չէ՞։
– Մինչև հիմա բարենպաստ չէր, բայց այժմ պետք է ստեղծվի, մենք մեծ հույսեր ունենք և նաև մեծ դեր ունենք, ամբողջ աշխարհի սփյուռքահայությունը՝ մեր ունեցած կապերով, պետք է աջակցենք։ Չեմ ասում օտարերկրյա ներդրողների մասին, եթե միայն հայ բիզնեսմեններն իրենց փողերը բերեն, մի քանի միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Նախ այդ մարդկանց պետք է բերել՝ հայրենիքում ներդրում անեն, մյուսները կգան։ Եվ սա երկկողմանի պետք է լինի, միակողմանի չէ՝ թե՛ Հայաստանի կողմից, թե՛ սփյուռքի։ Օրինակ՝ ՀՀ դեսպանատներում պետք է լինեն բիզնեսի հատուկ կցորդներ, որ չունենք։ Աշխարհում տարբեր դեսպանատներում կան բիզնեսի հատուկ բաժիններ, հյուպատոսներ, ներկայացուցիչներ, որոնք բիզնեսի հետ աշխատում են, մարդկանց համոզում իրենց երկրում ներդրում անել։ Սա կարևոր է։ Եվ այդ ներկայացուցիչները պետք է սփյուռքից լինեն, որովհետև վստահության խնդիր կա։ Աշխարհում այսօր դոլարն ու եվրոն վստահության վրա են կառուցված, փոխարժեքն ամբողջությամբ վստահության վրա է։ Այդ վստահությունը Հայաստանը պետք է տա մեզ։
– Այդ վստահության համար ի՞նչ է հարկավոր։
– Լավ ծրագրեր։ Ծրագրերը շատ են, բայց չեն դիմանում։ Շուկա է պետք։ Օրինակ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և մենք մարդկանց համոզում ենք, որ գնան Հայաստանում ներդրում անեն, որ իրենց կենտրոնն այնտեղ լինի, որովհետև իրենց համար 200 միլիոնանոց շուկա կբացվի։
– ԵԱՏՄ-ն գրավի՞չ է ներդրողների համար։
– Այո, և սա անպայման պետք է օգտագործենք։ Արդեն մի քանի ընկերություններ, որոնց կենտրոնները Թուրքիայում էին, հիմա փոխադրվում են Հայաստան։ Այսինքն՝ հայացքներն ուղղվում են Հայաստանին, որտեղ էլեկտրաէներգիայի խնդիր չկա, հայը ճարպիկ ու խելացի է։ Նաև ԵԱՏՄ երկրներում շատ հայեր կան՝ Ռուսաստանում, Ղազախստանում, և այլն։ Այս բոլոր երկրներում կառույցները պետք է միասնաբար աշխատեն, որ օտար ներդրողը գա Հայաստան, բացի իր բիզնեսը, ապրանքն ուղարկի Ռուսաստան, և այլն։ Սա շատ կարևոր է և առավելություն է մեզ համար։
– Եվրոպական շուկա դուրս գալու տեսակետից ՀՀ-ն նո՞ւյնպես գրավիչ է, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ GSP+ ռեժիմի առկայությունը։
– Անպայման, եթե որակով ապրանք մենք ունենանք, շատ հեշտությամբ կարող ենք նաև Եվրոպա ուղարկել, բայց այնտեղ որակի հարց կա, խնդիրներ կան։ Եթե մենք կարողանանք որակով ապրանք արտադրել, անգամ Չինաստանը կարիք ունի։ Չինաստանն այսօր կոնյակի և գինու մեծ պահանջներ ունի։ Մենք չենք կարող բավարարել այդ պահանջարկը։
– Ո՞ր ոլորտներն են առավել գրավիչ։
– Աշխարհն այսօր շատ հետաքրքրված է էկոլոգիայով, այսինքն՝ թարմ, մաքուր սննդի կարիք կա։ Եվ մաքուր սնունդը 3 անգամ ավելի թանկ է, քան սովորականը։ Այսպիսով՝ եթե Հայաստանում այս պիտակը դրվի, որ օդը մաքուր է, ջուրը մաքուր է, մեր հումքը մաքուր է, էկոլոգիական է, շատ մեծ շուկա կբացվի, չենք հասցնի ապահովել։
– Բայց Հայաստանում հանքարդյունաբերությունը նույնպես զարգացնում են։ Ինչպե՞ս կարելի է համատեղել այդ երկու ոլորտը։
– Այդ հարցը շատ խրթին է։ Հայաստանն այսքան տարվա մեջ հանքերից չի օգտվել։ Դա լուրջ պետական խնդիր է, պետք է էկոլոգների հետ միասին որոշենք։ Հանքը պետական հարստություն է, թող մնա պետությանը, ապագային, մեր թոռնիկներին թող մնա։ Հիմա պետք է աշխատենք էկոլոգիական գյուղատնտեսության, տեխնոլոգիաների ուղղությամբ, Սիլիկոնային հովիտ ստեղծենք, որը ոչ մի այլ ռեսուրս չի պահանջում, բացի խելքից։ Հայը խելացի է, պետք է մեր խելքը, միտքը օգտագործենք, ոչ թե ընդերքը փորենք ու մեր հանքերը տանք ուրիշին։ Ընդերքի մեր գանձերը պետք է պահենք մեր թոռների համար։