Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը, ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):
Համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Երաժիշտները և նվագախումբը համերգային ծրագրում հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:
Ալտահար Մաքսիմ Վենգերովը, թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին: Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել: Ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովան»,-նշում է Մաքսիմ Նովիկովը: