ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռակոծում են Իսրայելի տարածքը
ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: Նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ արձակվել է արդեն 17 հրթիռ: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Իսրայելի բանակի պաշտոնական օգտահաշվում: Ավելի վաղ հաղորդվել է հրթիռային 10 արձակումների մասին:
«Առավոտյան ժամը 5:15-ի դրությամբ Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել էր 17 հրթիռ: «Երկաթյա գմբեթը» որսացել է դրանցից երեքը»,- հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է, ստեղծված իրադրության կաակցությամբ փակվել է Աշկելոնից Սդերոտ ձգվող իսրայելական երկաթգիծը: Նաեւ չեղարկված են պարապմունքները Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների դպրոցներում ու մանկապարտեզներում:
Ավելի վաղ իսրայելացի զինվորականները հայտնել են, որ Իսրայելի բանակի սպա է զոհվել Գազայի հատվածում զինյալների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Եվս մեկ սպա միջին ծանրության վերքեր է ստացել: Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, Գազայի հատվածի տարածքում Իսրայելի հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում զոհվել են վեց պաղեստինցիներ: ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել Գազայի հատված իսրայելական դիվերսիոն խմբի ներթափանցման ընթացքում:
Գազայի հատվածի շրջանում իրադրության սրվելու կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանհայուն ընդհատել է այցը Փարիզ, որտեղ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, եւ մեկնել է հայրենիք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: