«Իշխանության անբովանդակ լինելը ծնում է անբովանդակ ընդդիմություն». Ստեփան Դանիելյան

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

ԱԺ ընտրություններում առաջադրումների համար հաշված օրեր են մնացել, բայց մինչ այժմ միայն մի քանի ուժեր են հայտարարել իրենց մասնակցության մասին, իսկ ընտրացուցակների մասով պաշտոնապես որևէ բան դեռևս հայտնի չէ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

– Շատերն են այն տեսակետը հայտնում, որ քաղաքական ուժերը և առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ չէ այս ընտրություններին։ Եվ այս ԱԺ-ն չի արտահայտելու Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Այս խորհրդարանի հանդեպ հանրային վստահություն չի լինելու, և կան տեսակետներ, որ այն չի կարողանալու լինել աշխատող խորհրդարան, այսինքն՝ առանց հանրային վստահության՝ այն չի կարող աշխատել։

Այսինքն՝ ԱԺն անցումայի՞ն է լինելու։

– «Անցումային խորհրդարան» անվանում են դրել, բայց այդ «անցում» բառը պետք է ինչ-որ տրամաբանություն ունենա: Այսինքն՝ մի իրավիճակից անցում այլ իրավիճակի, և այս ԱԺ-ն այդ անցման իմաստով պետք է որոշակի դերակատարում ունենա, բայց անցում ինչ-որ բանից ինչ-որ բանի չի կարող լինել, եթե ձևակերպված չէ այդ անցումը: Այսինքն՝ նկարագրված չէ հստակ՝ ինչ քաղաքական վիճակ է տիրում ՀՀ-ում, ինչու երկիրն այս վիճակում եղավ, որ հնարավոր եղավ այս ձևով իշխանափոխություն անել, և հիմա եթե անցում ենք կատարելու այլ վիճակի, որն է այդ այլ վիճակը։ Այսինքն՝ նման քաղաքական գաղափարներ գոյություն չունեն, և ինձ համար, երևի թե, ավելի ընդունելի կլինի ոչ թե անցումային, այլ ժամանակավոր բառը, այսինքն՝ լինելու է ոչ թե անցումային խորհրդարան, այլ՝ ժամանակավոր։

Այսինքն՝ կարճատև կյա՞նք է ունենալու, և հաջորդ ընտրությունները կրկին արտահե՞րթ կլինեն։

– Մենք ունենալու ենք խորհրդարան, որտեղ իշխող ուժը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն արհեստական և սկզբունքներ չունեցող կառույց է։ Այդ սկզբունքներ չունենալը երևում է նաև նրանից, թե ինչպես են նրա ցուցակները կազմվում, և ովքեր են այնտեղ հայտնվում՝ ինչ-որ մեկ կամ մի քանի հոգի, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էին ցուցակ կազմում և ասում՝ դուք պետք է լինեք։ Սա հակաժողովրդավարական մեխանիզմ է, որտեղ իրենց հայտարարած գաղափարախոսությունը՝ ուղիղ ժողովրդավարությունը, նույնիսկ կուսակցության մեջ չի գործում, ուր մնաց՝ երկրում գործի, և սա ինչ-որ ավտորիտար մեխանիզմ է և ավտորիտար կուսակցություն է լինելու, որ որևէ գաղափար, գաղափարախոսություն, ծրագիր, հայեցակարգ, աշխարհայացք չունի։ Բնականաբար, նման խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ, որովհետև նման արհեստական կառույցը նման պատասխանատու ժամանակաշրջանում չի կարող երկար գործել։

Լուրեր են շրջանառվում, որ ՔՊ ցուցակում տեղ են գտնում նաև ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչների զավակները, օրինակ, Նահապետ Գևորգյանի, քրեական հեղինակություն համարվող Տույի քույրը։ Նման մարդկանց ընդգրկումն այդ ցուցակում ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Ես չգիտեմ՝ նման մարդիկ ինչո՞վ են ավելի վատն այն մարդկանցից, որոնք այդ ցուցակում կան, այսինքն՝ որակական առումով ինչո՞վ են նրանք իրարից տարբերվում։

Ռեյտինգային ընտրակարգը նշանակություն ունի՞։

– Կարևոր չէ՝ ռեյտինգային է, թե ոչ ռեյտինգային, ես որակական առումով նկատի ունեմ։ Այսինքն՝ սա որևէ սկզբունքներ չունեցող քաղաքական կուսակցություն է, որի մեջ տարբեր մարդիկ են մտնում և, բնականաբար, նման մարդիկ կմտնեն։ Բայց նույնիսկ, եթե նման մարդիկ չընդգրկվեն, դա ոչինչ չէր փոխի, այսինքն՝ այդ արհեստական կառույցի էությունը չէր փոխվի։ Կարող են լինել նախկին ՀՀԿ-ականներ, նրանց բարեկամներ, այլ կուսակցությունների նախկին անդամներ, այսինքն՝ սա արհեստական կոնգլոմերատ է, որում ով ասես կարող է լինել, և նրանց լինել-չլինելով չի, որ այդ կուսակցությունը նման տեսք ունի։ Սա ուղղակի գաղափարախոսություն չունեցող կուսակցություն է և տարբեր սկզբունքներ ունեցող կամ չունեցող մարդկանց կոնգլոմերատ է։

Մյուս ուժերի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերն ինչպե՞ս եք գնահատում։

– ԲՀԿ-ն իր մեթոդներով տոկոսներ կունենա, բայց այստեղ խնդիրն այն չէ, թե ով ինչքան տոկոս կունենա, իմ համար ամենակարևոր ցուցանիշն այն կլինի, թե որքան մարդ կմասնակցի այդ ընտրություններին, որովհետև գիտակից մարդիկ հիմնականում չեն գնալու ընտրությունների, որովհետև իրենք չեն տեսնում այն ուժին, որի համար պետք է գնալ և մասնակցել ընտրությունների։ Եթե մասնակցությունը շատ ցածր լինի, ապա դա կնշանակի, որ այս ԱԺ-ն լեգիտիմ չի լինի, և որպես քաղաքական կառույց՝ այն չի կարող ճանաչվել։ Նման երևույթը շատ վատ հետևանք կարող է ունենալ։

Քաղաքացիների քանի՞ տոկոս մասնակցության դեպքում կարելի է ասել, որ ԱԺն լեգիտիմ չէ։

– Ես չեմ կարող տոկոսներ ասել։ Երբ ընտրությունները լինեն, մենք այդ ցուցանիշն իմանանք, այդ ժամանակ կարող ենք եզրակցություններ անել։ Բայց եթե մեծամասնությունը չմասնակցի, ուրեմն՝ խորհրդարանը չի ճանաչվի։ Դրա հետևանքներն ավելի վատն են, քան, եթե ընտրությունները կեղծվեն։

ՀՀԿի տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ միակ և իրական ընդդիմադիրը ՀՀԿն է, և ուժեղ ընդդիմություն է պետք Փաշինյանին։

– ՀՀԿ-ի դերն այդքան հետաքրքիր չէ, ընդդիմությունը հետաքրքիր չէ: Հետաքրքիր է այն կուսակցությունը, որը կհաղթի ընդհանրապես, այսինքն՝ իշխանությունը։ Պետք է իշխանություն լինի, որ ինչ-որ բան ասի, ընդդիմությունը հակառակվի։ Եթե իշխանությունն ասելիք չունի, ընդդիմությունը ինչի՞ն է հակառակվելու։ Եվ արդեն իշխանության անբովանդակ լինելը ծնում է անբովանդակ ընդդիմություն՝ որպես հետևանք։

Սակայն Ն. Փաշինյանի կողմնակիցները նրան բնութագրում են՝ որպես խարիզմատիկ անձ, ձեր կարծիքով՝ նա չի՞ կարողանա բարեփոխումներն իրականացնել, ինստիտուտները ձևավորել, որպեսզի քաղաքական դաշտը կայանա, և իրական փոփոխություններ լինեն։

– Այս ընթացքում նրա հիմնական անելիքն այն պետք է լիներ, որ կարողանար կուսակցություն ձևավորել։ Իմ բնորոշմամբ՝ այդ կուսակցությունը ձևավորված չէ, դա մեռյալ կառույց է։ Իսկ եթե դա չի կարողացել ձևավորել, ուրիշ ի՞նչ ինստիտուտներ պետք է ձևավորի։ Թիվ 1 խնդիրը դա է, առավել ևս, որ նա արագացված ընտրությունների գնաց։ Եթե դա չի կարողանում, ուրիշ ի՞նչ պետք է կարողանա անել։

Փաստորեն՝ քննությունը տապալե՞լ են։

– Դո՛ւք ասացիք։

Տեսանյութեր

Լրահոս