Ահա, թե ինչպես են իրականում բարձրացվել բուժաշխատողների աշխատավարձերը. Արսեն Թորոսյանի «ճարահատյալ մեծահոգությունը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին: Կհարցնեք՝ ինչպե՞ս, բացատրենք: Նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը:
Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին:
Ու սա հիմք ունենալով՝ մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:
Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: Նկատենք, որ հայտարարության մեջ ոչինչ չկա գրված ամսաթվերի մասին: Քանի որ, ինչպես ասում են, շան գլուխը թաքնված է այդ թվերի մեջ: Բանն այն է, որ իրականում աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրավական առումով սխալ է: Էլ չասենք այն մասին, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Ի՞նչ է ստացվում:
Եթե «Ժողովուրդ» օրաթերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, թեման չէր բացվի, մյուս հիմնարկների՝ 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:
Նկատենք, որ աշխատավարձերի բարձրացման հրամանը նախարարը ստորագրել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Եվ հիմա մեր ձեռքի տակ է հայտնվել նախարարի կողմից կնքված համաձայնագրի մի օրինակ իր մեկ այլ ընկերոջ մասով: Խոսքը վերաբերում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօերն Արման Հովակիմյանին: Այդ համաձայանգիրը թվագրված է հոկտեմբերի 1-ով:
Այսինքն՝ նախարարը սկզբում համաձայնագիր է կնքել ընկերների հետ, տարբերակված մոտացմամբ բարձրացրել նրանց աշխատավարձերը: Իսկ հետո, երբ «բռնվեց», հրամանագիր արձակեց հոկտեմբերի 30-ով՝ բոլորի մասին: Մինչդեռ ակնհայտ իրողություն է, որ հրամանագիրը պիտի լիներ սկզբում, հետո նոր տնօրենների հետ կնքվեին աշխատավարձի փոփոխման, բարձրացման համաձայնագրեր: Համաձայնագիրը առանձին անհատներին վերաբերող փաստաթուղթ է, իսկ հրամանը՝ բոլորին է վերաբերում: Ինչեւէ, մենք ամենեւին դեմ չենք, որ հաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվեն:
Պարզապես խնդիրն այստեղ արդարության սկզբունքի պահպանման կարեւորությունն է: Եւ վերջում հարց է մնում, թե ով բարձրացրեց բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, նախարարն արեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: