Բաժիններ՝

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին:

Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:

Արա Բաբլոյանի գնահատմամբ՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հարաբերություններին, ինչպես նաեւ ներհայաստանյան զարգացումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ներկայացավ աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարության ձեռքբերումներով:

Ստեֆանո Լազարոտոն, բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը, վստահեցրել է, որ իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի այդ հարաբերություններին:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այսուհետ եւս հայ-շվեյցարական կապերը կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը, կարեւորել համագործակցությունը մասնավորապես գյուղատնտեսության, գիտության, կրթական ծրագրերի եւ այլ ոլորտներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս