«Ապօրինի շինարարությանն ու հողազավթմանը վերջ է դրվելու». Արթուր Մեսչյան
«Ամեն մի քաղաքապետի ժամանակ գլխավոր ճարտարապետի իրավասությունները կարվում էին՝ ըստ քաղաքապետի քմահաճույքի։ Եվ իմ ամենակարևոր աշխատանքներից մեկը նա է լինելու, որ վերջնականապես ճշտվի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա նշեց, որ գլխավոր ճարտարապետին անհրաժեշտ ամենակարևոր գործիքները բացակայում են, թեև բոլոր բաժինները եղել են. «Հիմա եկավ ժամանակը, որ այդ ամենը ժողովել և ստեղծել մի համակարգ, որ բոլորն աշխատեն միասին։ Պուճախային աշխատանքին վերջ է դրվելու»։
Ապօրինի շինարարություններն ու հողազավթումները, ըստ Մեսչյանի՝ Երևանի ամենամեծ խնդիրներից են. «Երբ ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտի, որ հետագայում է կարող է օրինականացնել այդ ամենը, բերում է նրան, ինչին ականատես ենք հիմա։ Այն գործիքակազմը, որ ունեմ, պետք է թույլ տա, որ այդ ամենին վերջ դրվի։ Ես դիմում եմ մեր բնակիչներին՝ ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ, մի ստեղծեք ձեզ համար խնդիրներ։ Դրա փոխարեն՝ խոստանում եմ, որ, եթե որոշեք ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով կատարել, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը։ Մի գնացեք այն ճանապարհով, որ հետագայում խնդիրներ ունենաք»։
Արթուր Մեսչյանը նշեց, որ բավականին հետաքրքիր ժառանգություն են ստացել. «Վերջին ժամանակներում եղել են այնպիսի ճարտարապետական շինությունների նախագծային թույլտվություններ, որ ուղղակի ապշեցուցիչ է։ Բայց խնդիրն այն է, որ ես այսօր իրավասություն չունեմ արդեն հաստատված նախագծերն ինչ-որ չափով փոխել։ Բայց տրամաբանության սահմաններում փորձում եմ խնդիրը լուծել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում