«2019թ. ընթացքում ՏՄՊՊՀ բյուջեն կկազմի շուրջ 400 մլն դրամ. մենք ծրագրային ուղղություններ չունենք». Արտակ Շաբոյան
«2019թ. ընթացքում ՏՄՊՊՀ բյուջեն կկազմի շուրջ 400 մլն դրամ։ Մենք ծրագրային ուղղություններ չունենք, հիմնական մասը կազմում է աշխատավարձի ֆոնդը»,- այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց՝ քանի որ Շաբոյանը հարկ չի համարում անդրադառնալ իր իսկ ղեկավարած հիմնարկի կատարած աշխատանքներին, պատգամավորն անձամբ դրանք կներկայացնի։
«Անշուշտ, Տնտեսական մրցակցության մասին օրենքը հստակ շարադրում է այն հիմնախնդիրները, որոնք դրված են հանձնաժողովի առջև, բայց մենք կարծում ենք, որ նախ պետք է տնտեսական մրցակցության տեսանկյունից, հետևաբար, ծառայությունների և ապրանքների գնագոյացման տեսանկյունից ուշադրության արժանանան հատկապես այն ապրանքները, որոնք ունեն սոցիալական կարևորություն, այն ապրանքները, որոնք ընդգրկված են սպառողական զամբյուղի մեջ։ Մենք այս մասին պայմանավորվել ենք, որ թիրախային շուկաներն ընտրում է հանձնաժողովը, բայց դա չի նշանակում, որ, եթե տարվա ընթացքում լինում են այլ ապրանքների վերաբերյալ բողոքներ, հանձնաժողովը դրանցով չի զբաղվում»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ պայմանավորվածություն է եղել մշակել չափորոշիչներ, որ եթե, օրինակ, որոշվում է ուսումնասիրություն կատարել շաքարավազի կամ կարագի շուկայում, ապա նա ուսումնասիրում է ոչ թե առանձին տնտեսվարողներին, այլ՝ ամբողջ ապրանքային շուկան, գնահատում տվյալ շուկայի փաստացի վիճակը. «Դրանից հետո նոր կարող ենք գնահատել՝ արդյոք մրցակցության տեսանկյունից առկա օրենսդրությունը բավարա՞ր է, որպեսզի կարողանանք առողջ մրցակցություն ապահովել»։
Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինչպես ՊԵԿ-ն է մշակել մեթոդաբանություն, որով գնահատում է այս կամ այն տնտեսվարողի վարքագծի ռիսկայնությունը, մի այդպիսի մեթոդաբանություն պետք է մշակի ՏՄՊՊՀ-ն։
Շաբոյանը նշեց, որ պայմանավորվածություն է եղել 5 ապրանքային շուկաներ, որոնք մրցակցության տեսանկյունից ռիսկային են, համարել ծրագրային. «Ամեն հաջորդ տարվա համար մենք 5 ռիսկային ապրանքային շուկայում իրականացնելու ենք բազմակողմանի ուսումնասիրություններ։ Դա բյուջետային ծրագրավորման հիմքում է դրվելու»։