Մալարիան՝ հանրային առողջապահության գերակա խնդիր աշխարհում
Աշխարհի բազմաթիվ երկրների համար մալարիան շարունակում է մնալ հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև 2000 թվականից մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:
1994-ից Հայաստանում սկսել են արձանագրվել «եռօրա մալարիայի» դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006-ից Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
2006 թվականից մեր երկրում արձանագրվել են մալարիայի միայն եզակի բերովի դեպքեր: Այս տարի Հայաստանում գրանցվել է մալարիայի բերովի 6 դեպք, որոնցից 5-ը Աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ, 1-ը՝ Հնդկաստանի քաղաքացու մոտ։ Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել բուժում։ Արձանագրված մալարիայի բերովի 6 դեպքի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։
Մալարիայի տարածումը պայմանավորված է Անոֆելես ցեղի մոծակներով, որոնք տարածված են նաև Հայաստանում։ Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:
Ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացնել հսկողությունը մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց նկատմամբ՝ բերովի դեպքերից մալարիայի տեղական դեպքերի առաջացումը և մալարիայի կրկին արմատավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում բացառելու նպատակով։
Մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց հորդորում ենք իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:
Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում: