
Իրանի դեսպանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի ազատազրկված անձանց բուժօգնության, սննդակարգի, ինչպես նաև ազգային և կրոնական առանձնահատկությունների հետ կապված հարցեր:
Դեսպանն ու հյուպատոսը հանդիպեցին նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրենց հայրենակիցներին: Վերջիններիս կողմից բարձրացված որոշ հարցերի տեղում տրվեցին դրական լուծումներ:
Իրանցի ազատազրկված անձինք շնորհակալություն հայտնեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին և անձնակազմին՝ նշելով, որ հիմնարկի աշխատակիցների աջակցության և հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են օտար միջավայրում հաղթահարել դժվարությունները: