
Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը՝ հատուկ Նիկոլ Փաշինյանի համար

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը նոյեմբերի մեկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ՝ այն ուղղելով նոր իշխանությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Հատուկ հայտարարություն եմ ուզում անել: Խնդրում եմ պարոն Փաշինյանին, որ նա իր համախոհներին պարզաբանի, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել իմ ազատ արձակման գործում, որովհետև, եթե սոցիալական ցանցերում շատերի մոտ թյուըմբռնում կա, դա պետք է շտկվի, իսկ, եթե ուղղորդված արշավ է, ապա ցավակցում եմ, որ հեղափոփոխության արդյունքում երկրի ղեկավարությանն հասած ուժը նման կեղծ օգտատերերի միջոցով փորձում է սուտ տեղեկություն տարածել որևէ քաղաքական գործչի վերաբերյալ»,- հայտարարեց Անդրեաս Ղուկասյանը:
Հարցին, թե խոսքն ինչի՞ մասին է, նա պարզաբանեց. «Խոսում են այն մասին, թե ես խնդրել-աղաչել եմ Փաշինյանին, որ ինձ ազատ արձակեն, նա ընդառաջել է, իսկ հիմա ես այդ հանգամանքը հաշվի չեմ առնում: Սուտ է, նման բան չկա: Հույս ունեմ, որ Փաշինյանն այս հարցը ինչ-որ ձևով կշտկի, որովհետև սազական չէ»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին»։ Ազատ է արձակվել 2018թ.մայիսի 7-ին՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:
Անի Կարապետյան