ՌԴ ԱԳՆ-ն «անքաղաքավարություն» է որակել Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամության մասին Բոլթոնի բառերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն «անքաղաքավարություն» է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցի ընթացքում վերջինիս կողմից արված հայտարարությունը։

Քաղաքական գործիչը Հայաստանին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի հետ ունեցած բարեկամությունից, ու գովազդել է ամերիկյան զենքը։

Այս մասին գրում է РИА Новости-ն։

ՌԴ ԱԳՆ-ում Բոլթոնի բառերը համեմատել են Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ արված հայտարարության հետ, որում դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշակի խմբերին նպատակաուղղված աջակցության մասին։ Նա նաև խոստացել է երկրին տրամադրել 26 միլիոն դոլար աջակցություն «քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դիրքերն ամրացնելու համար»։

«Թվում էր, թե ավելի ճչացող անքաղաքավարություն, որ չի տարբերվում պետության ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չի լինում։ Պարզվեց, որ դա այդպես չէ»,- շեշտեցին ԱԳՆ-ում։

Նշվում է, որ Բոլթոնը «պահանջել է, որ Հայաստանն իր միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»՝ առանձնապես չթաքցնելով, որ խոսքը գնում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին։

«Նա նաև հայտարարել է, որ Փաշինյանից խորհրդարանական ընտրություններից հետո սպասում է Լեռնային Ղարաբաղի կարգավորումների ուղղությամբ նախաձեռնողական քայլեր։ Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի՝ ռուսականի փոխարեն»,- հավելեցին ՌԴ արտաքին գերատեսչությունում։

Բոլթոնն այցով Երևանում է եղել նախորդ շաբաթ։ Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը՝ նա հայտարարել է, որ «ամերիկյան զենքը, ամեն դեպքում, լավն է ռուսականից»։ Միևնույն ժամանակ՝ կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին զենք վաճառելու որոշում դեռ չի ընդունվել։

Հայաստանի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանելով ամերիկյան գործչի խոսքերը՝ հայտարարել է, որ Երևանը «չունի պատմական կաղապարներ, այլ ունի ազգային արժեքներ, որոնցից հրաժարվելը թույլատրելի չէ», և խորհուրդ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ «զենքի հանդեպ հետաքրքրություն բորբոքելուց», քանի որ դա նշանակում է՝ դրդել պատերազմի։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս