Բաժիններ՝

«Համաներման դեպքում չես իմանում՝ ազատազրկվածը զղջացե՞լ է, ավելի՞ է մխրճվել հանցավոր մտադրությունների մեջ, թե՞ ոչ». Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Այժմ քրեակատարողական հիմնարկներում  պատիժ է կրում մինչև 2000 հոգի: Թիվը նվազել է պայմանական վաղակետ  համակարգի կիրառման, գրավով ազատ արձակվելու,  պրոբացիոն ծառայության արդյունքում: Որպեսզի չթվա, թե համաներման այս քայլով խրախուսվում են հանցագործությունները, աչքի անցկացրեցի՝ հասկանալու համար, թե ի՞նչ է նախատեսված, նկատեցի, որ այն մարդիկ, որոնք նախկինում օգտվել են նախագահի ներումից կամ համաներումից, նրանց վրա այս համաներումը չի անդրադառնում: Սա ուղերձ է, որ չեն քաջալերվում կրկնահանցագործությունները:  Կուզեի, որ մեր արդարադատության համակարգն ու քրեակատարողական հիմնարկները կատարյալ լինեին, և  ճշգրիտ աշխատանքի դեպքում համաներման կարիք չլիներ, որովհետև ներումն անհատական ակտ է. սխալ կատարած անձը խնդրում է ներել,  զղջացել է, ու քննում են անհատական գործը, մինչդեռ համաներման տակ ընկնում են  հոդվածներ՝ անկախ հանգամանքից՝ ազատազրկվածը զղջացե՞լ է, ավելի՞ է մխրճվել հանցավոր մտադրությունների մեջ, թե՞ ոչ:

Հետևաբար՝ այն ազատազրկվածներին, որոնց վրա տարածվելու է համաներումը,  կպատգամեի հասարակության կողմից այս ուղերձին լուրջ վերաբերվել, զղջալ ու վերափոխվել: Սրանով մեր հասարակությունը կշահի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկվածներին, նա նկատեց.

«Խորին համոզմունք ունեմ, որ ցմահ դատապարտյալների գործերն անհատական վերանայման կարիք ունեն, հատկապես այն գործերը, որոնք վերաբերում են 90-ական թվականներին, զորամասային պայմաններում 18-20 տարեկան հատվածում կատարված հանցագործություններին»:

Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ իրականացվող համաներման նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։

Առաջակվող համաներմամբ պատժից կազատվեն առավելագույնը 3 տարվա ազատազրկվածները, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարողները։ Առավելագույնը 5 կամ 10 տարով դատապարտվածները դուրս կգան կալանավայրերից, եթե կրած կլինեն պատժի համապատասխանաբար մեկ երրորդը կամ կեսը։ Անզգուշությամբ հանցագործություն կատարած և մինչև 5 տարով դատապարտվածները, անկախ պատժի կրման չափից, ազատ կարձակվեն համաներման մասին օրենքի ընդունումից հետո։

Կառավարության նախաձեռնած մարդասիրական ակտով կկարճվեն մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ հարուցված բոլոր այն քրեական գործերը, որոնց դեպքում նախատեսված է առավելագույնը՝ 3, անզգուշությամբ արված հանցագործությունների դեպքում՝ 5 տարվա պատիժ։

Բացի այդ, համաներմամբ կիսով չափ կկրճատվի մինչև 10 տարով ազատազրկված դատապարտյալների չկրած պատժաչափը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031