«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր». Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել ԸՕ բարեփոխումներին

«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ լավ և վատ ընտրական համակարգեր չկան. «Ռեյտինգայինը մեծամասնականի և համամասնականի համադրությունն է, բայց այն կատարել է իր աշխատանքը։ Ռեյտինգային համակարգը կարող է նաև ապագայում կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն՝ որպեսզի մեխանիկորեն մենք խթանենք կուսակցական համակարգի ստեղծմանը, կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է»։

Համամասնական ընտրական համակարգի առավելությունը, ըստ նրա՝ այն է, որ խթանում է կուսակցական համակարգը։ «Քաղաքացու համար տարբերություն չկա՝ ով է իրեն ներկայացնում պառլամենտում, ինքն ընտրում է կուսակցությանը, և կյանքի կոչող սուբյեկտների ցանկը սկզբունքային նշանակություն չունի»,- ասաց նա՝ ընդգծելով՝ որևէ մեկը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում կարող է նորից անցում կատարվել դեպի մեծամասնականի կամ ռեյտինգայինի։

«Դա բացառված չէ, դա պայմանավորված է լինելու տվյալ պահին երկրում ստեղծված քաղաքական ու կուսակցական համակարգերի զարգացածության ու կայացածության աստիճանով։ Ես վստահ եմ, որ նույն միջազգային փորձը հաշվի առնելով՝ անցում ենք կատարելու մեծամասնականի, որովհետև երկրում ստեղծված կլինի կուսակցական կայուն համակարգ»,- նշեց Գ. Կոստանյանը։

Նա առաջարկեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին։

Տեսանյութեր

Լրահոս