Բաժիններ՝

Գրականագետը Եղիշե Չարենցի «բանտարկված» գրքի համար չի դիմում իշխանությանը

Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե վերջին վեց ամիսների ընթացքում մշակույթի ոլորտում տեսնո՞ւմ է շոշափելի փոփոխություններ, նշեց, որ էական որևէ տեղաշարժ չի նկատում։

«Եվ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ։ 2012 թվականից բանտարկված գիրք ունեմ՝ Ե. Չարենցի «Գիրք մնացորդացը», որի համար մեր իշխանություններին չեմ էլ դիմում, գոնե նախկիններին դիմում էի։ Ինքս մտածում էի, թե մարդ են, իրենք կմտածեն ու ինձ կզանգահարեն, կասեն՝ այս գիրքը բանտարկությունից ազատենք, բայց չէ, ոչինչ չեն անում»,- նշեց Դ. Գասպարյանը։

Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա, ըստ գրականագետի՝ գործարանները փակվելուց հետո այսօր արդեն շարժում է սկսվել նաև ընդդեմ հանքարդյունագործության, և մարդիկ հանդես են գալիս կոչերով, որպեսզի բոլոր հանքերը փակվեն։

«Եթե այդ հանքերը փակում եք, 1200 ընտանիք Ամուլսարում է, 600-ը՝ Ալավերդիում, ինչպե՞ս են նրանք ապրելու։ Հարցը պետք է այնպես դնեն, որ ոչ թե հանքերը փակեն, այլ անհրաժեշտ էկոլոգիական մաքրությունը պահպանեն, որպեսզի և՛ մաքուր լինի, և՛ աշխատանք։ Թե չէ, սա էլ դառնում է մի չարիք, Աստված գիտի, թե այս ամենի դեմ պայքարողներն ինչ աղբյուրից են սնվում և ինչ ծրագրեր են իրականացնում։

Մենք այսօր շատ կարևոր հարց ունենք՝ երկիրը պետք է աշխատի, մարդիկ պետք է աշխատանք ունենան։ Հակառակ դեպքում կրկին թափ կառնի արտագաղթը, և, ինչպես ասում են՝ կնստենք չոր տաշտակի մեջ»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս