Բաժիններ՝

«Իշխանությունն է որոշել, ինքն էլ կկրի դրա պատասխանատվության բեռը».  Փաստաբանը՝ «Սասնա ծռերին» համաներմամբ ազատ արձակելու մասին

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։

Համաներումը տարածվում է նաև ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» վրա:

««Սասնա ծռերի» գործողության իրական գնահատականը տալու են ոչ թե քննիչները, ալ պատմությունը: Կարծում եմ, դեռ ժամանակը չի եկել: Սա քաղաքական կամքի դրսևորում է: Համաներումը չունի ձև, ամեն իշխանություն որոշում է, թե ինչպե՞ս պետք է արվի: Ժամանակին Մարտի 1-ի դեպքերի մասնակիցներին համաներեցին: Սա էլ դրա կրկնությունն է: Իսկ թե ինչպիսի՞ հետևանք  կունենա հանրության համար, ինչպիսի՞ վերաբերմունք կլինի, ասենք, 10 տարի հետո, արդյո՞ք որևէ մեկը չի որոշի նրանց քայլը կրկնել, ու ի՞նչ կլինի՝ դժվար է ասել: Իմ անձնական կարծիքը  չեմ ասի: Գործը պետք է ունենար ավարտ, իշխանությունն էլ այսպես է որոշել, ինքն էլ կկրի դրա պատասխանատվության բեռը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է համաներումը տարածվում ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» վրա, բայց ոչ այլ խմբերի, պատասխանել է.

«Որովհետև կարծում եմ, որ դա անհրաժեշտ է հանրային համերաշխություն վերականգնելու համար»:

Նա կրկին ընդգծել է` սպանություն իրականացրած ոչ մի անձ համաներման չի ենթարկվելու: Փաշինյանին հիշեցրին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկաններ են սպանվել:

«Ես խոսում էի ցմահ ազատազրկվածների մասին, ովքեր 20-25 տարի իրենց պատիժը կրել են: Ո՞նց եք պատկերացնում, որ մարդ սպանած անձը երեք ամիս կամ մի տարի նստի, հետո դուրս գա: Ինձ համար այդպիսի բանաձև ուղղակի գոյություն չի ունենա, սա, կարծում եմ, սկզբունք է, որը պետք է աներկբա կիրառել»,- ասել է նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս