Փաշինյանի հմուտ խուսանավումը

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում բռնությունը՝ որպես գործիք, պետք է բացառվի: Բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»:

Սա պատասխանն էր լրագրողների կողմից հնչեցված այն հարցին, թե զինված հարձակում իրականացնողների վրա համաներման տարածումը, օրինակ՝ «Սասնա ծռերի» դեպքում, արդյոք վատ նախադեպ չի՞ ստեղծում:

Փաշինյանի դիրքորոշումը կարծես թե միանշանակ էր, ընդունելի ու նաև գովելի, հատկապես, որ վերջինս մի քանի անգամ կրկնեց ու շեշտեց վերը բերված իր միտքը` չմոռանալով հիշեցնել, որ իր կարծիքը 2016թ. հուլիսյան դեպքերի մասին նույնն է, ինչ 2016թ. հուլիսին:

Սակայն Փաշինյանը, այնուամենայնիվ, փորձում էր խուսափել հարցից, թե այդ դեպքում ինչո՞ւ է համաներումը տարածվում նրանց վրա, բայց, ի վերջո, շնորհիվ լրագրողների համառ պնդումների՝ պատասխանեց. «Հանրային համերաշխությունը վերականգնելու համար»:

Հանրային համերաշխությունը, փաստորեն, պետք է վերականգնվի պետական պահպանության օբյեկտի վրա զինված հարձակում իրականացրածներին, շենք-շինություն գրավածներին, բժիշկներին, ոստիկաններին, այդ թվում՝ նաև բարձրաստիճան, պատանդ պահածներին, բանկոմատ թալանածներին, մարդկանց կյանքի գնով իրենց նեղ խմբային շահերը սպասարկածներին ներում շնորհելու գնով: Բայց հետաքրքիր է, այդ դեպքում նույն այդ համաներումն ինչո՞ւ չի տարածվում Նորքի գործով զինված խմբի վրա: Այս մարդիկ ընդամենը նախապատրաստել էին զինված հարձակում, բայց չէին իրականացրել, նրանց գործողություններից տուժողներ չեն եղել: Թե՞ այս դեպքում հանրային համերաշխությունն իրավական կատեգորիա չէ:

Ամեն դեպքում, համաներման նախագծի մեջ «Սասնա ծռերի» մասով կարծես թե  վերապահում կա` եթե ֆիզիկական վնաս կրած տուժողները դեմ չեն… Հետաքրքիր կլինի լսել նաև նրանց կարծիքը:

Իսկ ցմահ ազատազրկվածների պարագայում լավ կլինի առաջինն ուշադրություն դարձնել նախկին զինծառայող, արդեն 20 տարուց ավելի պատիժը կրող Արթուր Մկրտչյանի գործին, ում վերագրվում է 5 համածառայակիցների սպանությունը: Դժվար է հիշել մի դեպք, որ զոհերի հարազատները, այն էլ՝ 5 անձի սպանության մեղադրանքով, բաց նամակ հղեն երկրի ղեկավարին` խնդրելով ազատ արձակել անմեղ մարդուն ու չբազմապատկել իրենց ցավը:

Բոլորիս է հայտնի վարչապետ Փաշինյանի մոտեցումը բանտերում պահվող ենթադրյալ անմեղ մարդկանց հարցի վերաբերյալ, և հենց այդ մոտեցումն է, որ պետք է բացառի հնարավոր անմեղ մեկի 1 օր անգամ քրեակատարողական հիմնարկում գտնվելը:

Հավատացեք, հանրային համերաշխության պակաս նախադեպ չէ:

Դեպքի մանրամասները` ստորև`

Տեսանյութեր

Լրահոս