«Փաշինյանը պարտավոր է և նա փորձելու է գոհացնել Բոլթոնին»

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ավարտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, որտեղ բավականին հետաքրքրական դիտարկումներով հանդես եկավ ամերիկացի խորհրդականը: Նա նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո լավ հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վճռական քայլեր իրականացնելու համար, և, որ ԱՄՆ-ը դիտարկելու է հակամարտության գոտում զենք վաճառելու հարցը: Ընդհանուր առմամբ ինչպե ՞ս եք գնահատում այս այցն ու արված հայտարարությունները:

– Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարել ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին: ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ` դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն:

– Նիկոլ Փաշինյանը մշտապես նշել է, որ թավշյա հեղափոխությունն արտաքին կոնտեքստ չունի: Ինչո՞ւ եք կարծում, որ ԱՄՆ-ը աջակցել է Փաշինյանին:

– Աջակցել է, ուրիշ ինչպե՞ս: Եթե ԱՄՆ-ը չաջակցեր Փաշինյանին, նրանք կսառեցնեին, կկախեին, կարգելակեին, կհետաձգեին նրա լեգիտիմության ճանաչումն այնպես, ինչպես նախկինում Սերժ Սարգսյանի դեպքում էին անում: Այսինքն` ժամանակին նրան չշնորհավորելը, այդ հարցը հետաձգելը լուրջ քայլեր էին՝ ընդդեմ Ս. Սարգսյանի:

– Շնորհավորելու հարցում սլաքները կարելի է նույնկերպ ուղղել Ռուսաստանին:

– Ռուսաստանը միշտ նույնկերպ է վարվում: Ռուսաստանը չի միջամտել, հետևողի դերում է եղել:

– Շատ են շրջանառվում կարծիքներ, որ առաջիկա ընտրություններում լուրջ աջակցություն ստանալու դեպքում պետք է ակտիվացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ինչպես, ըստ էության, ասաց նաև Բոլթոնը: Ո՞րն է լինելու Մոսկվայի դիրքորոշումը և նաև Փաշինյանի, ով նշել է, որ հասարակությունից գաղտնի ոչինչ չի կարող արվել, բայց հակամարտության կարգավորումը նաև զիջումներ է ենթադրում, հատկապես, երբ ամերիկյան կողմը խոսում է Մադրիդյան սկզբունքների մասին:

– Փաշինյանը ջանալու է ամբողջությամբ իրագործել Բոլթոնի ցանկությունները, նա այլ ընտրություն չունի, քանի որ Փաշինյանը շատ բան է արել հաստատելու համար իր մասնակցությունը ԵԱՏՄ-ում, նա շատ բան է արել հաստատելու համար Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, հասկանալի է, որ Փաշինյանը չի օգտագործում բազմավեկտորության սերժական հռետորաբանությունը: Ի դեպ, ուզում եմ ասել, որ Փաշինյանը Նժդեհի կուռքի հանդեպ անտարբեր է, որը Ս. Սարգսյանը ստեղծեց, «փչեց»: Եվ Երևանի կենտրոնում կանգնած այդ հուշարձանը դիտարկվում է ոչ թե՝ ազգային, այլ՝ որպես կուսակցական հուշարձան:

Վերադառնալով նշեմ, որ Փաշինյանը վարձահատույց կլինի, քանի որ Փաշինյանը կտրուկ թեքվել էր Ռուսաստանի ուղղությամբ, և չնայած նրան, որ չի խոստացել բազմավեկտորություն, բայց նա արևմտամետ է, և նրա հարազատ «Ելք» կոալիցիան արևմտամետ է, և նրանց հարկավոր է փոխել վերջին շրջանի հռետորաբանությունը: Ռուսաստանը, եթե իրեն սթափ դրսևորի, իսկ ինչպես տեսնում ենք ապրիլին Պետդումայի պատգամավորների Հայաստան կատարած անհաջող այցից հետո, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները միայն ռազմական բնույթի են, կարելի է ասել, որ Ռուսաստանի քաղաքականությունը ռազմական գործիչների ձեռքում է և այդ քաղաքականությունը սթափ ու պրագմատիկ է:

ՌԴ-ի դեպքում անհանգստությունն անհիմն է, քանի որ Բոլթոնի խոսքերը ԼՂ հակամարտության մասին նաև Դուշանբեի պայմանավորվածությունների պատասխանն էր: Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բոլոր մասնակիցների ներկայությամբ՝ բանավոր կերպով, անձնապես Պուտինը կանչել էր երկու ղեկավարներին, և բաց կերպով համաձայնություն էր ձեռք բերվել: Ասել, որ այստեղ եղել է գաղտնի դիվանագիտություն, հնարավոր չէ: Այդ ուղիղ կապը նրանց միջև, մեծ հաշվով, Ալիևի կոմպրոմիսն էր, դա մեծ քայլ էր նրա կողմից:

Այդ ուղիղ կապը սենսացիոն արդյունք էր, և պետք է մտածել լրիվ մեկ այլ բան, որպեսզի Դուշանբեի արդյունքը, որը զարգանում է, հնարավոր լինի ստվերել, հավասարակշռել: Ուստի դա դժվար խնդիր է լինելու: Ուղիղ կապ հաստատելը հեշտ է, կրակահերթերը դադարեցնելը իրատեսական է, բայց երբ կողմերը հանգում են կարգավորման ֆորմուլային, սկսվում են անհաղթահարելի խոչընդոտները, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ՀՀ նախկին ադմինիստրացիաները, ովքեր համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին, այնպիսի ֆորմուլայի են համաձայնել, որոնք Ղարաբաղի ռազմավարական գոյությունը համարյա թե անհնար են դարձնում: Ուստի այդ բանաձևը կործանարար է այն ադմինիստրացիայի համար, որը դա կիրագործի: Բայց Փաշինյանը պարտավոր է և նա փորձելու է գոհացնել Բոլթոնին:

Սեպտեմբերի վերջին, երբ Պուտինն Ադրբեջանում էր, արարողակարգի համաձայն՝ նա պետք է միանգամից լիներ նաև Հայաստանում: Բայց Երևանում ոչ ոք նրան չէր սպասում:

– Հայկական կողմը դեռ սեպտեմբերին էր նշում, որ Պուտինն ամենամոտ ժամկետներում այցելելու է Հայաստան, որից հետո ՌԴ համապատասխան պաշտոնյաները հայտնեցին, որ Պուտինը կլինի Հայաստանում մյուս տարի: Տպավորություն էր, որ ռուսական կողմը հրաժարվեց այդ այցից մինչև տարեվերջ:

– Ոչ, ստեղծվեց հիմար իրավիճակ, երբ պետք էր պատասխանել հարցերի, թե երբ կլինի Պուտինը, պատասխանեցին, բայց չէին սպասում, մեկնեցին Միացյալ Նահանգներ՝ Թրամփի հետ հանդիպելու: Ուստի Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նահանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է: Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով՝ ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն էլ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է: Երկրորդ լուրջ խնդիրը «Սասնա ծռերի» հարցն է, որոնք ահաբեկիչներ են: Երրորդը` տնտեսական ծրագրի բացակայությունն է:

Փոքր երկրի համար տնտեսական ծրագրերը կարևոր են, հզոր պրոյեկտներ են հարկավոր աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի ժողովուրդը չհեռանա, չփախչի Երևանից, եթե չես ստեղծում աշխատատեղեր, նրանք քեզ կհամբուրեն, կգրկեն, բայց կհեռանան, քանի որ ընտանիք պետք է պահեն: Հռետորաբանության ժամանակը անցավ, վերջ, ներկայումս «դերասանը կսկսի ղեկավարել ձմեռային Երևանը, և կլինի հիանալի»:

– Ըստ Ձեզ, այս խնդիրներով ԱԺ ընտրություններից հետո ի՞նչ պետք է սպասել:

– Խոսեմ հնարավոր արդյունքներից: Երևանում՝ 81 տոկոս, Կապանում` տապալում: Ուզում եմ ասել, որ Հայաստանը միայն Երևանը չէ, Երևանում բոլորը քիչ թե շատ հաց ու ջուր ունեն, իսկ Հայաստանը դատարկված է, մարդիկ հեռացել են, աշխատատեղեր չկան, եթե շարունակես միայն մտավորականության հետ շփվել, մարդիկ քեզ չեն հասկանա, աշխատատեղեր են հարկավոր մարդկանց, տնտեսական քաղաքականություն: Ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները տարբերվելու են Երևանի ընտրություններից, ավելի քիչ ձայն է ստանալու Փաշինյանի թիմը, բայց, դատելով ամեն ինչից, ընդդիմությունը որոշել է թայմ-աուտ վերցնել, լուրջ ընտրապայքար չտանել, և ճիշտ է անում քաղաքական տեխնիկայի տեսանկյունից, քանի որ ով ստանա մեծամասնությունը, ողջ քաղաքական պատասխանատվությունը կընկնի այդ ուժի վրա, որից հետո սկսելու է թշնամիներ փնտրել, դա է տրամաբանությունը:

– Ընտրություններին ինչպիսի՞ն է լինելու Մոսկվայի պահվածքը: Խաղադրույքներ կկատարի՞ արդյոք Մոսկվան:

– Մոսկվան լինելու է հետևողի դերում: Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը: Զարմանալի է, մենք բազմիցս եք քննադատել մեր ռուս գործիչներին այն բանի համար, որ լավ չեն հասկանում, ընկալում Հայաստանը, բայց այն, որ Ռուսաստանը ներկայումս կենտրոնացել է ռազմական համագործակցության վրա և աչք է փակել նոր իշխանությունների հիմարությունների վրա, կա՛մ Մոսկվան է խելացի դարձել, կա՛մ խելացի մարդիկ են սկսել զբաղվել այս հարցով:

Սա ամենակարևոր բաղադրիչն է հայ-ռուսական հարաբերություններում: Մոսկվան հեռավորություն է պահպանելու Փաշինյանից: Փաշինյանը սեպտեմբերին խոսում էր Մոսկվայի հետ հիանալի հարաբերությունների մասին, խոշոր պրոյեկտների մասին, Մոսկվայում ծիծաղում էին այդ հայտարարությունների վրա: Մոսկվան հեռավորություն է պահպանելու, քանի որ հասկանում է, որ Փաշինյանը ներկայումս ունի որոշիչ մեծամասնություն, այդ մեծամասնությանը ներկայումս ինչ-որ բան բացատրել չի կարելի: Ժողովուրդն ինքը պետք է հասկանա ինչ-որ բան և փորձ ձեռք բերի:

Տեսանյութեր

Լրահոս